Միջազգային

ԵԽԽՎ- ում կքննարկվեն Ուկրաինական իրադարձությունները

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնն այսօր Ուկրաինայի ընդդիմութանն ու իշխանություններին խաղաղության և հանդարտության կոչ է արել:Պաշտոնն առաջիկայում լքող Մինյոնը այսօր կայացած ասուլիսում հաստատել է, որ այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ծրագրված են արտահերթ բանավեճեր այս երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է այսօր:

Իսկ Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Կիեւում եւ մարզերում շարունակվում են գերատեսչական շենքերի գրոհները, մեկ տասնյակից ավելի պետական հաստատություն արդեն վերահսկում են ընդդիմադիրները: Ի պատասխան՝ իշխանություները սպառնում են դադարեցնել երկխոսությունն ու երկրում արտակարգ դրություն հաստատել, թեեւ պաշտոնական Կիևն ուղակում է նաև այլ ազդակներ, որոնք ցուցարարները դրական են համարում:

Մասնավորապես՝ նախագահ Յանուկովիչի իրավա-սահմանադրական բարեփոխումների հարցերով խորհրդական Մարինա Ստավնիչուկը վերջերս ընդունված օրենքները անվանել է բռնատիրական և հասարակության կողմից վանվող: «Մարդկանց հավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակող օրենքները պարունակում են իրավական տեսանկյունից ոչ ճշգրիտ, խտրականություն պարունակող նորմեր»,- ասել է նա։

Ուկրաինայում բողոքի գործողությունների պատճառ դարձած փաստաթղթերը անհրաժեշտ է չեղյալ հայտարարել, ասել է նա։ Իր հերթին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը խոստացել է վաղը մեկնարկող արտահերթ նստաշրջանի ընթացքում քվեարկել վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականի օգտին, սակայն պայմանով, որ ընդդիմության առաջնորդները կընդունեն նախագահ Յանուկովիչի առաջարկը և կհամաձայնեն պաշտոններ ստանձնել նախարարների նոր կաբինետում:

Back to top button