
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ի՞նչ հագուցալուծում կստանան ուկրաինական զարգացումները, սպառված են արդյո՞ք իշխանություն- ընդդիմություն երկխոսության հնարավարությունները. Մեդիա կենտրոնում այսօր քննարկում է հրավիրվել «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով: Զարգացումները գնահատել ու հնարավոր ելքերի մասին խոսել են «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քննարկմանը տեսազանգի միջոցով միացել են նաև Կիևից. Ուկրաինայի մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին պատմել է «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան, իրավիճակը Կիևից գնահատել է նաև Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսապան Ալեքսանդր Բոժկոն:
Հարցին , թե ինչ իրավիաճակ է Մայդանում այսօր, Երևանում ընթացող քննարկման մասնակիցներին Կիևից պատմեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան: Նրա գնահատմամբ՝ իրադրությունն Ուկարինայի մայրաքաղաքում շարունակում է լարված մնալ, թեև լրատվական տեսանյութերով գուցե ավելի ահավոր է թվում, քան կա իրականում: Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ մարդիկ Մայդանում պայքարում են եվրոպական հեռանկարի համար, որից զրկվեցին վիլնյուսյան գագաթաժողովից հետո։
Եվրոպական հեռանկարի համար պայքարող ուկրաինացիների բոլոր հույսերի վերջակետը, ըստ Շուլգայի, դրեց հունվարի 16-ին ընդունված փաթեթը: Փոփոխությունները, որոնցով սահմանափակվում են խոսքի, հավաքների ու տեղաշարժի ազատությունը, Ուկրաինայի ընդդիմությունը, վերլուծաբանի խոսքով , հակասահմանադրական է համարում ոչ միայն դրա բովանդակությունը, այլ նաև ընդունման ընթացակարգային խախտումները հաշվի առնելով։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ երկխոսություն սկսելու կոչերն ու հայտարարություններն առայժմ հաջողությամբ չունեն: Իրական բանակցություններ իշխանության և ընդդիմության միջև չեն ընթանում, ասում է Դմիտրի Շուլգան:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Արևմուտքի արձագանքը համարժեք չէ Կիևում ստեղծված իրավիճակին: Չնայած որոշ կոշտ երանգների՝ դրանք շատ բանով չեն տարբերվում նախորդներից և դժվար թե էական ազդեցություն ունենան իշխանությունների վարքագծի վրա, նկատեց վերլուծաբանը:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ էլ՝ ստեղծված իրավիճակին համարժեք չէ Ուկրաինայի իշխանության արձագանքը: Ըստ նրա՝ իշխանությունը չունի ընդդիմության հետ բանակցելու իրական ցանկություն: Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ մարտավարական հարցերում Ուկրաինայի ընդդիմությունը անորոշություն է դրսևորում, չնայած հեռանկարում պայքարում է եվրաինտեգրման համար:
Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ով նույնպես տեսազանգի միջոցով մասնակցում էր քննարկմանը, չի կիսում տեսակետը, որ Ուկրաինայում հիասթափվել են ընդդիմությունից: Նա կարծում է, որ խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները սպառված չեն, իսկ իրավիճակի ելքը կախված է իշխանության քայլերից:
Զուգահեռներ տանելով Հայաստանի և Ուկրայինաի իրավիճակների միջև՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ եվրոպական ասոցացումից հրաժարվելու ուկրաինական պատճառները սոցիալ-տնտեսական էին, իսկ Հայաստանի դեպքում վճռորոշը անվտանգության գործոնն էր, որն էլ պայմանավորեց քաղաքական ու հասարակական ուժերի այլ արձագանք:




