
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւույթներին ընդհանրական գնահատականները` առաջիկա հանրահավաքում: Մինչ այդ` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հայաստանում տիրող իրավիճակի իր գնահատականներն այսօր հակիրճ ներկայացրել է լրագրողներին: Նա հույս ունի, որ 2014-ը կշտկի անցած քաղաքական տարվա բազմաթիվ բացասական դրսեւորումները, որոնցից ամենկարեւորը, ըստ գործչի, Հայաստանի քաղաքացուն արհամարական վերաբերմունքի արժանացնելն է եղել: Ըստ Հայրիկյանի այսօր բազմաթիվ հարցեր են առաջ բերվում` կարեւորագույն խնդրից ուշադրություն շեղելու համար: Այս տեսանկյունից է նա գնահատել երկրորդ նախագահ-վարչապետ հեռակա բանավեճը: Դա Հայրիկյանը որակել է որպես անբնական երեւույթ:
Պարույր Հայրիկյանի գնահատմամբ` Հայաստանում քաղաքացիական գործոնը զգալիորեն ավելացել է, քաղաքացիական նախաձեռնությունների գրագիտությունը բարձրացել: Նկատելով, որ քաղաքացիական ակտիվությանը որոշ դեպքերում միանում են նաեւ քաղաքական կուսակցությունները` Հայրիկյանը տարակուսեց` ընդհանրապես, հակառակն է տեղի ունենում:
ԱԻՄ առաջնորդը, սակայն, կարծում է, որ վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների վարվող պայքարում հետեւանքը դառնում է առաջնային: «Մտրակակրի դեմ պայքարելու փոխարեն, իրենք պայքարում են մտրակի դեմ»,-պատկերավորեց Հայրիկյանը` հավելելով, թե վերջին օրերի պայքարում մտրակի դերում «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն էր:
Կտրուկ անցում կատարելով Մաքսային միության թեմային` ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ խնդիրը չի քննարկվում, անգամ, այն կուսակցությունները, որոնք դեմ են արտահայտվել` հրապարակային տեսակետ չեն հայտնում:
Պետք է նախ յուրաքանչյուրն իր սրտում գնահատական տա` հավելեց Հայրիկյանը` եզրափակելով, որ բոլոր այդ հարցերին պատրաստվում են ԱԻՄ-ի մանրամասն գնահատականները տալ իրենց հրավիրած առաջիկա հանրահավաքում: Հայրիկյանի խոսքով` իր համար դա պայքարի նոր փուլի սկիզբ չէ եւ գնալով թափ կստանա: Ասաց, որ կրկին ասպարեզ է իջնում քաղաքական գործընթացներ իրականացնելու պատասխանատվություն վերցնելու պարտավորությամբ ու իրավունքով:




