ԿարևորՔաղաքական

Մինչ Երևանը քաղաքական գնահատական է ակնկալում ՀԱՊԿ-ից, Մոսկվան ակնարկում է երկու կողմերին բավարարող արձագանքի մասին

Նոյեմբերի 23-ին Հայաստանում նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  նիստը, որին մասնակցելու են կառույցին անդամակցող 6 պետությունների ղեկավարները։  Արդեն հայտնի է, որ Երևան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը։ Երևանյան նիստի օրակարգի առանցքում կառույցի կողմից Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցն է։ Կքննարկվի նաև կազմակերպության հաջորդ տարվա բյուջեն:

ՀԱՊԿ նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվելու է Բելառուսին։ Պաշտոնական Երևանը նիստից  հստակ ակնկալիք  ունի՝ վերջապես ստանալ այն քաղաքական գնահատականը, որը մեր երկիրը սպասում է կառույցից  ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ։

Մինչ Երևանն ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ քաղաքական հստակ գնահատական է ակնկալում ՀԱՊԿ-ից և հույս ունի, որ այդ գնահատականը կհնչի Երևանում, Մոսկվայում  ակնարկներ են հնչում կողմերից միայն մեկին աջակցելու կամ դատապարտելու անթույլատրելիության մասին։

Երևանյան նիստին ընդառաջ ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն, իր տեսանկյունից, չի մտնում կազմակերպության հավաքական իրավասության մեջ։

ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ՝ ասել նա։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ավելին՝ մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն»։

Կոսաչովը հայտարարել է, որ անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշում, որի պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար:

Ադրբեջանական զորքերի ՀՀ սուվերեն տարածք ներխուժումից հետո պաշտոնական Երևանը օգնության նպատակով դիմել էր կազմակերպությանը, որի անդամ է։ Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրավիճակը գնահատելու նպատակով ՀԱՊԿ-ն առաքելություն էր գործուղել  Հայաստան։ Թե ինչ եզրակացության են եկել ՀԱՊԿ-ում, դեռ պարզ չէ։ Երևանում քաղաքական գնահատական են ակնկալում։  ՀՀ վարչապետը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Երևանը սպասում է  ՀԱՊԿ-ի քաղաքական արձագանքին՝ ակնկալելով, որ ռազմական դաշինքը հստակ կաջակցի Հայաստանի այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի որևէ արձագանք պատկերն էականորեն չի փոխի։

«Նույնիսկ եթե Հայաստանը կարողանա ստանալ ՀԱՊԿ հասցեական քաղաքական արձագանքը, և կառույցը դատապարտի ադրբեջանական ագրեսիան, միևնույնն է դա չի նշանակելու թե Ադրբեջանը զորքերը հետ է քաշելու կամ Բաքուն նեղվելու է դրանից։ Իհարկե, Հայաստանը փորձում է ճնշումը մեծացնել Ադրբեջանի վրա, բայց ՀԱՊԿ-ն արդեն իրեն ցույց է տվել, որպես անկարող և անկամ կառույց, և հասցեական արձագանքը կամ քաղաքական հայտարարությունը որևէ լուրջ ազդեցություն չեն ունենալու»։

Քաղաքագետը հիշեցնում է ՀԱՊԿ-ի հիմնասյուներից մեկը համարվող երկրի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արձագանքը, երբ վերջինը տարակուսում էր,  թե  ինչ հարց է օրակարգ բերել Հայաստանը, նաև վստահեցնում, որ կառույցը Ադրբեջանի դեմ որևէ դեպքում պատերազմ չի սկսելու։

ՀՀ վարչապետը, սակայն, նշում է, որ ՀԱՊԿ-ի արձագանքից է կախված լինելու կառույցի նկատմամբ ոչ միայն իշխանությունների, այլև հանրության հետագա դիրքորոշումը։ Այս առումով քաղաքագետը կարծում է, որ հայտարարությունը ենթատեքստ ունի․

« Իհարկե, ենթատեքստ կա, ՀՀ ժողովրդի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ թերահավատ է, և կա այնպիսի հատված, որ պահանջում  է սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց կամ սառեցում։ Սառեցում ասելով նկատի ունեմ, որ պաշտոնապես հայտարարվի, որ այս պահին ՀԱՊԿ-ից հրաժարվելու գործընթաց չի սկսում, բայց  ժամանակավորապես հրաժարվում է իրավունքներից և պարտականությունները կատարելուց։ Սա կարող է որոշակի նախազգուշական քայլ լինել»։

Ռազմական փորձագետ Արմինե Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը թերացել է գործառույթները կատարելու հարցում։

«Չեմ կարծում, որ կլինի որևէ քաղաքական հայտարարություն, որը կամրագրի մեր ՀԱՊԿ գործընկերների կողմից այն, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, քանի որ եթե նման հայտարարություն արվի, կնշանակի, որ բոլոր անդամ պետությունները հենց այդ պահից արձանագրելու են, որ իրենք չեն կատարել իրենց գործառույթը, իսկ եթե որևէ երկիր չի կատարում իր գործառույթը, կարող է հեռացվել կազմակերպությունից, նրա նկատմամբ կարող է որոշակի գործառույթներ իրականացվել»։

Ադրբեջանական ագրեսիայից հետո հայ-ադրբեջանական շփման գծի հայկական կողմում տեղակայվել են ԵՄ դիտորդներ, նման պատրաստակամություն է հայտնել նաև ՀԱՊԿ-ը։ Փորձագետների կարծիքով՝ ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը  հստակ նպատակ պետք է ունենա, օրինակ՝ պաշտպանել հայկական բնակչության անվտանգությունը, նաև  իրականացնել խաղաղապահ առաքելություն, ինչը ենթադրում է ադրբեջանական ուժերի դուրս մղում հայկական տարածքներից։ Իսկ այս արձանագրումից Մոսկվան գոնե այս պահին խուսափում է։

Կարդացեք նաև

Back to top button