
Անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները ծագել են դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կարող են գործնական ընթացք տալ դրանց լուծմանը։
Շահագրգիռ կողմերը նաև կարծում են, որ անհետ կորածների հետ կապված խնդիրների լուծմանը կնպաստի նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նոյեմբերին ընդունված փաստաթուղթը, որով հեղինակները, ի թիվս այլնի, պետություններին կոչ են անում ջանքեր գործադրել անհետ կորած անձանց և նրանց ընտանիքներին իրավական կարգավիճակ տալու ուղղությամբ և նրանց հարազատներին աջակցություն տրամադրել, հատկապես՝ սոցիալական ապահովության, հոգեբանական աջակացության, ֆինանսական, ընտանեկան և ունեցվածքին առնչվող իրավունքների իրացման հարցում։
Անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծված չլինելը շարունակում է բացասաբար ազդել զինված հակամարտությունների դադարեցման վրա, իսկ կորածների ընտանիքներին՝ ծանր տառապանք պատճառել։ Ուստի անհետ կորած անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթուղթով նոր դուռ է բացվում նաև Հայաստանի համար։ Փաստաթուղթն անդրադառնում և կարևորում է այնպիսի հարցեր, որոնց մասին մշտապես բարձրաձայնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում, այդ թվում՝ «Անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագծի հիմնավորումներում։
Դրանք այնպիսի մեխանիզմներ են, որոնք անհետ կորած անձանց իրավական կարգավիճակ , իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն կտան։ Բացի այդ անհետ կորածների հարազատների առողջապահական, կրթական խնդիրները լուծելու, տեղեկություններ ստանալու իրավունքը իրացնելու պայմաններ կստեղծեն։ ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթի և իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակները «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը.
«Այս խնդիրը գույություն ունի միշարք կոնֆլիկտային երկրներում ևս։ Նաև կարևորվել է տեղեկատվական բյուրոյի ստեղծման հարցը, ինչը մենք ևս բարձրացրել ենք մեր օրենքի նախագծում։ Շատ կարևոր է նաև արդարադատության իրականացման և վնասի փոխհատուցման պատշաճ մեխանիզմների ներդրումը։ Դա շատ կարևոր է, որովհետև այդ ընտանիքները մնում են առանց իրենց հարազատի, որը շատ հաճախ տան միակ կերակրողն է եղել»։
Փաստաթղում հատուկ կարևորվում է խնդիրը մարդասիրական իրավունքի և իրավունքի գերակայության տեսանկյունից դիտարկելը, ինչպես նաև ընդգծվում է պետությունների պատասխանատվությունը՝ կանխելու, իսկ տեղի ունենալու դեպքում՝ նրանց անհետ կորչելու հանգամանքների ուսումնասիրումը, տեղեկատվության տրամադրումը։
«Եթե իրավական կարգավիճակը բացակայում է, և մենք ևս մեր իրականության մեջ բախվել ենք այս խնդրին, ընտանիքները մի շարք այլ խնդիրների են հանդիպում։ Այնուհետև իրավական լուծումները տրվում են շատ հատվածային։ Եթե լիներ օրենքը, այն ամբողջությամբ կանդրադառնար այդ ընտանիքների բոլոր խնդիրներին՝ ներառյալ տեղեկատվական, սոցիալական, կրթական, առողջապահական խնդիրներին»։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորածների թիվը Հայաստանում շուրջ 400 է։ 44-օրյա պատերազմից հետո այդ վիճակագրությունը փոխվեց։ Այս տարվա մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մարտական վերջին՝ սեպտեմբերյան գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվն ավելի մեծացավ։ Հարյուրավոր անհետ կորածների խնդիրների համատեքստում «Անհետ կորածի մասին» հիմնաքարային օրենքի ընդունումն անհետաձգելի է՝ կարծում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ էլ մշակվել և պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել է օրենքի նախագիծը։ Մինչ օրս, սակայն, փաստաթուղթը պտտվում է պետական մարմիններում։ Մինչդեռ իրավական կարգավորման անհրաժեշտությունն արդեն անհետաձգելի է, վստահեցնում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Սա մի խնդիր է, որտեղ առաջնային և երկրորդական հարցեր չկան, այստեղ բոլոր հարցերն են առաջնային, ընդծում է զրուցակիցս։
«Օրենքը ոչ առաջնային կամ երկրորդական չի ենթադրում։ Դա այն շրջանակն է, որի մեջ կարող է տեղի ունենալ թե՛ կանոնակարգված աշխատանքը, թե՛ անհետ կորածների ընտանիքների որոշակիության ձեռքբերումը՝ ինչ կարող են անել, երբ և ում դիմել։ Այդ օրենքով է , որ պետք է կարգավորվեն առաջնային մարդասիրական իրավունքի խնդիրները»։
Լարիսա Ալավերդյանին հույս է ներշնչում Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։ Օրերս հանձնաժողովի առաջին նիստն է կայացել։ Հանձնաժողովի կազմում երեք ՀԿ է ընդգրկվել՝ «Լույսի ճրագը», «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» և «Թաթոյան» հիմնադրամը:
«Չորս տարուց ավելի է անգործության է մատնված այդ հանձնաժողովը, ինչն անընդունելի է։ Դրա համար ես ողջունում եմ և հուսով եմ, որ նոր թափ կստանա այդ աշխատանքը։ Տարբեր պետություններ տարբեր որոշումներով անդրադարձել են այդ հարցին։ Հայաստանում չկա այդ կարգավորումը։ Բայց իրավունքը մնում է անհետ կորածի հարազատի մոտ։ Կարգավորված չէ, դրա համար է այդքան հախուռն ընդունվում մարդկանց կողմից։ Մարդկանց համար չիրազեկված լինելը «Մարդու իրավունքների հանձնաժողովը հավասարեցրել է անմարդկային վերաբերմունքի»։
ՄԱԿ-ի ընդունած վերջին փաստաթղթը Լարիսա Ալավերդյանի համար նորություն չէ։ Տարիներ շարունակ ոչ միայն ՄԱԿ-ը, այլև Կարմիր Խաչն են հարցը բարձրացրել տարբեր ատյաններում։ Վերջին փաստաթղթով հեղինակները, ի թիվս այլնի, պետություններին կոչ են անում ջանքեր գործադրել անհետ կորած անձանց և նրանց ընտանիքներին իրավական կարգավիճակ տալու ուղղությամբ, և նրանց հարազատներին աջակցություն տրամադրել, հատկապես, սոցիալական ապահովության, հոգեբանական խնդիրների, ֆինանսական, ընտանեկան և ունեցվածքին առնչվող իրավունքների իրացման հարցերում։




