ԱՄՆ-ն սպառնացել է Ուկրաինային պատժամիջոցներ կիրառել
ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին վերջ տալ հունվարի 19-ին Մայդանում իրականացրած հակաժողովրդավարական գործողություններին, փոխանցում է segodnya.ua-ն: «Մենք խորապես անհանգստացած ենք կիրառվող բռնությամբ, որը տեղի է ունենում Կիևի փողոցներում և կոչ ենք անում բոլոր կողմերին կայունացնել իրավիճակը», -ըստ աղբյուրի, նշվում է Ուկրաինայի գծով անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քյթլին Հեյդենի հայտարարության մեջ:
Միաժամանակ, նա նշել է, որ «աճող լարվածությունը անմիջական հետևանքն է այն բանի, որ կառավարությունը ի վիճակի չէ ընդունել սեփական ժողովրդի օրինական պահանջները»: «Դրա փոխարեն այդ երկրի կառավարությունը թուլանցնում է Ուկրաինայում հաստատված ժողովրդավարության հիմքերը՝ խաղաղ բողոքները համարելով քրեական հանցագործություններ», -հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան: ԱՄՆ-ն նաև իր պաշտոնյայի շուրթերով կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական օրենքներից, դուրս բերել հատուկջոկատայիններին մայրաքաղաքի կենտրոնից և քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ: «Առաջին իսկ օրերից Մայդանում շարժումը խաղաղ էր, և մենք ողջունում էինք այդ առաջնորդների նման սկզբունքայնությունը: ԱՄՆ-ն ուսումնասիրելու է լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ սանկցիաների կիրառումը», -հայտարարել է Հեյդենը: