ԿարևորՀասարակություն

«12 հազար դրամ Ա4 ֆորմատի թղթի համար». ՀՀ–ում շուրջ 140 հազար մեքենայի գազաբալոն է վկայագրվել  

Հանրապետությունում գազաբալոնների փորձաքննության համար լիցենզավորված 63 կազմակերպություններն այս պահին ծանրաբեռնված չեն։ Վերահսկողության թուլացմանը զուգահեռ նաև հերթերն են պակասել, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից լիցենզավորված ընկերություններն այս պահին պարապուրդի են մատնվել։ Օրենքը սակայն չի սպասում։ Նախարարությունից հավաստիացնում են, որ վերահսկողությունը ուժեղացվելու է, կիրառվելու վարվարչարարություն։ Արդեն սկսել են։

«Սկզբում հերթեր ունեինք, կուտակումներ կային, հետո մարեց, հասավ զրոյական վիճակի։ Եթե այն ժամանակ մենք կարողանում էինք սպասարկել 50-80 գազաբալոն, հիմա մոտավորապես մինչև 10 հոգի են ցանկանում իրենց բալոնը վկայագրել»։

«Գազաբալոնների ճնշափորձարկման կայանի» տնօրեն Էդգար Ղամբարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ պասիվության պատճառը հերթագրման համակարգի գործարկումը դարձավ։

«Վարորդները չէին ցանկանում վկայագրվել, ասում էին՝ դա մեզ համար լրացուցիչ ֆինանսական բեռ է, իսկ հերթագրումը՝ անվճար։ ՄԵզ հերթ տվեք ու հնարավորինս ուշ տվեք։ Խնդիրներ առաջացան նաև արդեն վկայագրված ու դեռևս չվկայագրված վարորդների հետ։ Վկայագրված վարորդները հայտարարեցին, որ իրենք խաբված են, իզուր վկայագրվեցին, գումար ծախսեցին։ Խնդիրն ավելի սրվեց, երբ որոշ գազալցակայաններ առանց ստուգելու հերթի մեջ է, վկայագրվեած է, թե ոչ, բոլորին անխտիր տալիս էին գազ»։

Թեև գազաբալոնների փորձաքննության համար լիցենզավորված կազմակերպություններն այս պահին ծանրաբեռնված չեն, փետրվարի 18-ից ուժի մեջ մտած օրենքը չի սպասում։ Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից գազալցակայաններում պետք է սպասարկվեին բացառապես այն տրանսպորտային միջոցները, որոնց գազաբալոնները կամ արդեն փորձաքննվել են, կամ էլ իրենց հերթին են սպասում էլեկտրոնային շտեմարանում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը չի հերքում՝ վերահսկողության թուլացմանը զուգահեռ նաև հերթերը պակասեցին,  նախարարության կողմից լիցենզավորված ընկերությունները պարապուրդի մատնվեցին։ Թերացան նաև լցակայանները։

«Գազալցակայանները օրենքով սահմանված կարգով չեն իրականացնում լցավորում։ Նրանք պարտավոր են ստուգել՝ համակարգում գազաբալոնը վկայագրված է, թե ոչ, լցավորել միայն դրական եզրակացության դեպքում։ Այլ դեպքերում տվյալ լցակայանի պատասխանատու անձի վրա վարչական տույժ է նշանակվում»։

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին ՀՀ–ում վկայագրվել է 138 հազար 722 մեքենա, այդ թվում հեղուկ գազով շահագործվող։ Ի դեպ հեղուկ գազաբալոնների ճնշափորձարկման հետ կապված մենք տեղեկություն ունենք, որ ոչ բոլոր լիցենզավորված ընկերություններում են փորձաքննում բալոնը։

«Իմը հեղուկ գազ է, գնացի, որ ստուգեն, նայեցին, ասացին, նոր է ձեր բալոնը, անվտանգ է, կարող եք այդպես շահագործել։ Վճարեցի ոչ մի բանի դիմաց։ Թող ստուգեին, ասեին ենթակա է շահգործման կամ ոչ։ 12 հազար դրամ վճարեցի Ա4 ֆորմատի թղթի համար։ Այդպես ոնց կլինի»։

Ռադիոլուրը նաև նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետից հետաքրքրվեց, թե ինչ անել նման դեպքերում։ Փաստացի մեքենայի սեփականատերը գումար է  վճարում ընդամենը թղթի կտորի համար և չի սպասարկվում։

«Համապատասխան ծառայություն մատուցելը պարտադիր է։  Ոչ, համոզված չեմ, որ բոլոր տեղերը ճնշափորձարկում են։ Քանի որ խոսքը վերաբերում է առանձին դեպքերի, թող տվյալ քաղաքացին մեզ հետ կապվի, հասկանանք, որ լիցենզավորված կազմակերպությունում է այդ խնդիրը»։

Գաղտնիք չէ, որ հատկապես մարզերում մեքենաներ կան, որոնք  սեզոնային աշխատանքի համար են նախատեսված և հիմնականում գյուղմթերք են տեղափոխում օրվա հացը վաստակելու համար, և այդ մեքենաներից քչերը հնարավորություն կունենան ճնշափորձարկել գազաբալոննորը, առավել ևս՝ փոխել դրանք նորով։ Համաձայնելով «Ռադիոլուրի» դիտարկմանը, Արայիկ Ստեփանյանն այնուամենայնիվ ընդգծեց. փորձը ցույց է տվել, որ ամենավտանգավորն էլ հենց այդ մեքենաներն են։         

«Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ մեքենաների վրա տեղադրված գազաբալոնների շահագործման ժամկետը կրկնակի անցել է։ Օրենքը սահմանում է, որ գործարանային ժամկետը սպառած գազաբալոնները պետք է խոտանվեն»։

Գերատեսչության ուսումնասիրությունները փաստում են, որ պարտադիր ճնշափորձարկումը ճիշտ քայլ էր։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո միայն առաջին ամսում 15 գազաբալոն, այն էլ ժամկետի մեջ, վկայագրման ժամանակ պայթել է։ Մեքենան գազով վարելը գուցե շահավետ է, բայց նաև պայթյունավտանգ։  

Հայաստանում, ըստ որոշ տվյալների, մոտ 300 հազար մեքենա է աշխատում  գազով։ Դրանց բալոնները տեղադրվել են խիստ չկանոնակարգված՝ պատահական արհեստանոցներում, հաճախ՝ անհատների կողմից։ Գերատեսչությունում վստահ են, տեսչականի վերահսկողության ուժեղացմամբ նաև վարորդներն ու գազալցակայանները կզգոնանան։ Օրենքը չի սպասում, վարչարարությունն էլ չի սպասեցնի։ Վստահեցնում են՝ արդեն սկսել են։

Կարդացեք նաև

Back to top button