
Հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանn ընդգծել է, որ հավատում է Վրաստանի հետ հարաբերությունների ապագային։
Այսօր Թբիլիսիում նախատեսված են խորհրդարանի խոսնակի պաշտոնական հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաիբաշվիլիի, վրացի գործընկերոջ՝ Շալվա Պապուաշվիլիի, վրաց խորհրդականների հետ, իսկ մինչ այդ երկու երկրների ԱԺ նախագահների հովանու ներքո Թբիլիսիում կայացել է Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որտեղ երկու երկրների ԱԺ նախագահները պատասխանել են «Ռադիոլուրի» հարցերին։
Հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան
«Ռադիոլուրի» հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց․ «Միանշանակ, Հայաստանի և Վրաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան, ու ես վստահ եմ, որ չեն էլ կարող լինել»․
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապաուաշվիլին ևս «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, հայ-վրացական հարաբերություններում երբևէ չեն ծագել տհաճ հարցեր, որոնք անլուծելի են և կարող են բացասական հետք թողել հարաբերությունների վրա։
Վրաստանը կարող է աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը
Վրաստանի ԱԺ նախագահ Շալվա Պապաուաշվիլի «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ Թբիլիսին շարունակում է պատրաստակամությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու նպատակով․
«Այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները վկայում են՝ Հարավային Կովկասի խաղաղությունը դա Եվրոպայի խաղաղությունն է։ Մեր նպատակն է հասնել երկարաժամկետ խաղաղության մեր տարածաշրջանում, ուստի Թբիլիսին բոլոր առումներով պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու»։
Թբիլիսիի պատրաստակամությունը Հայաստանի ԱԺ նախագահը դրական է գնահատում՝ նշելով․
«Վրաստանը բազմիցս տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, նաև եղել է նախաձեռնություն, որը հաջողությամբ է ավարտվել, մասնավորապես Վրաստանը մեծ դեր է ունեցել հայ գերիների վերադարձի հետ կապված գործընթացում։ Վստահ եմ, որ գալիք հնարավոր ձևաչափերը և նախաձեռնությունները ևս հաջողությամբ կավարտվեն»։




