
Կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայմանը: Լավագույն ձևը գույքագրելն է ու ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել հայկական կողմին, ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու, նոր պատերազմ սկսելո՞ւ նախաբան են:
«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են: Եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այս կամ այն կերպ այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասել է Փաշինյանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որի բովանդակության վրա ուշադրություն հրավիրելով նա նշել է.
«Հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, ԱԳ նախարարությունն արդեն «միջանցք» բառը չի օգտագործում շատ պարզ պատճառով, որովհետև ԱԳՆ-ի հայտարարության հասցեատերը միջազգային հանրությունն է:
Միջազգային հանրությունը ոչ միայն հետևում է բանավոր հայտարարություններին, այլև փորձում է վերադառնալ ու տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված, ու ինչ են նշանակում:
Այս առումով, կարծում եմ, կարևոր է գույքագրել` ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ: Հենց այս ճանապարհով պետք է գնանք, որ մեր հանրությանը և միջազգային հանրությանը, հարկ եղած դեպքում նաև Ադրբեջանի հանրությանը ճիշտ ներկայացվի, թե որոնք են պայմանավորվածությունները, և ով իրականում չի կատարում դրանք: Սրա նպատակը լեզվակռիվ և նոր էսկալացիա ստեղծելը չէ: Սրա նպատակը գույքագրել և իրականացնելն է պայմանավորվածությունները»:




