Կրկնակի պատերազմ՝ մեկ երկրում. Քաղաքացիական պատերազմը Սիրիայում
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները շարունակում են մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Հունվարի 22-ին անցկացվելիք միջսիրիական առճակատման կարգավորմանը միտված «Ժնև-2» կոնֆերանսին ընդառաջ իրավիճակը շեշտակիորեն փոփոխվում է արաբական այդ երկրում:
Այստեղ իշխանությունների դեմ է շարունակում պայքարել զինված ընդդիմությունը, որն իր հերթին, պառակտվել է իրար դեմ կռիվ տվող չափավոր ընդդիմության և ծայրահեղական իսլամիստների: Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված «Ժնև-2» կոնֆերանսի անցկացմանը հաշված օրեր են մնացել, սական ռազմական գործողությունները, ըստ լրահոսի, գնալով ավելի են թեժանում: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կանխատեսում է վտանգավոր զարգացումներ, որոնք պայմանվորված են սիրիական զինված ընդդիմության՝ թե չափավոր, թե ծայրահեղական, դրսի ուժերի կողմից կառավարվող լինելու հանգամանքով:
«Ժնև-2» անընդունելի է ընդդիմության մի զգալի մասի համար: Սակայն այս պարագայում կոնֆերանսը էլ ավելի մեծ ներուժ է ձեռք բերում խաղաղ կարգավորման հասնելու գործում, կարծում է փորձագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա՝ չափավոր ընդդիմությունը փաստացի պատերազմում է երկու ճակատով՝ Ասադի ռեժիմի և ծայրահեղական ահաբեկիչների դեմ, որոնք ևս փոխադարձաբար հակառակորդներ են:
Արաբագետը չբացառեց իշխանական և չափավոր ընդդիմադիր ուժերի միավորումը՝ միջազգային ահաբեկիչների դեմ՝ ի դեմս տխրահռչակ «Ալ-Կաիդա» ցանցի դաշնակից իսլամիստների:
Արդյո՞ք կայանալիք համաժողովը կնպաստի խաղաղ կարգավորմանը՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ՝ ծայրահեղականների հնարավոր հաղթանակի պարագայում առաջին հերթին կարող են տուժել ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ հայերը: Առայժմ նման վտանգ չկա, փաստում է Արմեն Պետրոսյանը, քանի որ հայերով բնակեցված տարածքները գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության ներքո: