ԿարևորՄշակույթ

Երաժշտության քանդակագործը․ Օհան Դուրյանը չափ կտա Երևանի սրտում

Երաժշտությունն իմ աշխարհն է, նվագավարությունը՝ կոչումս։ Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է և այն բոլոր կոմպոզիտորները, որոնց գործերը փորձել եմ մեկնաբանել. ասում էր 100-ից ավելի նվագախմբեր ղեկավարած աշխարհահռչակ մաեստրո Հովհաննես Խաչատուրյանը` Օհան Դուրյանը։

Եվրոպական մամուլը նրան կոչել է արևելքի Տոսկանինի։ Մաեստրոն առաջինն էր, որ համարձակվեց խորհրդային մեծ բեմեր բարձրացնել նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ Մանսուրյանի, Միրզոյանի, Օրբելյանի ստեղծագործոթւյունները։

Համերգների ժամանակ նա չէր օգտվում պարտիտուրից, դիրիժորական փայտիկն էլ փոխարինել էր ճկուն ձեռքերով․ ասում էր՝ դիրիժորը պարզապես չափ տվող չէ, դիրիժորը երաժշտության քանդակագործ է։ Երուսաղեմում ծնված ու կրթություն ստացած, Փարիզում ու Վիեննայում արվեստը կատարելագործած դիրիժորը վերադարձավ, ապրեց, ստեղծագործեց ու մահացավ հայրենիքում։

Մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի 100–ամյակի միջոցառումների շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում բացվում է Օհան Դուրյանի բրոնզաձույլ արձանը։ Հոբելյանական կառավարական հանձնաժողովի անդամ Վահան Վարդապետյանն ասում է՝ սա Դուրյանի ամենախորհրդանշական ու հավերժ վերադարձն է հայրենիք։

«Յուրաքանչյուր հուշակոթող-արձան պետք է լինի խորհրդանշական և նույնքան խորհրդանշական վայրում էլ պետք է տեղադրվի։ Այս դեպքում ամեն ինչն է խորհրդանշական․ կատարողական արվեստի համաշխարհային մեծությունը Օպերայի և ֆիլհարմոնիայի մոտ և ամենակարևորը, որից կարծում եմ փառավորվում է Օհան Դուրյանի հոգին, այն է, որ ինքը գտնվում է այսքան մոտ իր պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին և, ի միջի այլոց, արձանից հնչում է Սպենդարյանի «Էնզելի» ստեղծագործությունը Դուրյանի կատարմամբ»,– ասում է Վարդապետյանը։

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած արձանը կարծես հենց ինքը կենդանի ու արարող Դուրյանը լինի։ 3 պատվանդանների վրա նրա՝ երաժշտություն կերտող, խոսուն ձեռքերն են ու երաժշտությունը վայելող հայացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ երբ առաջին անգամ տեսել է արձանի նախագիծը ցնցվել է նմանությունից։

«Ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսինն էր, այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը։ Այլ արձան, եթե Օհան Դուրյանը ունենար, համարեք, որ դա չէր լինի Օհան Դուրյանի արձանը։ Ես շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում այս գաղափարի հեղինակներին»։

Արձան-հուշակոթողի ճարտարապետը Սահակ Սաֆարյանն է, ապակե պատվանդանի հեղինակը՝ Արսեն Պետրոսյանը։ Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն ասում է՝ Դուրյանը հայ ժողովրդի հենասյուներից էր, և հենց այդ սյուներով էլ դիրիժորն այսուհետ ամուր կանգնած կլինի մայր հողի վրա։

«Ցանկացել եմ շատ քիչ միջոցներով՝ գլխով, ձեռքերով ու սյուներով ցույց տամ իր երաժշտությունը, ռիթմը, դուրյանական էությունը։ Ինձ թվում է ստացվել է, անհամեստություն թող չթվա, ես հենց այսպես էլ պատկերացնում էի Օհան Դուրյանին»,– ասում է քանդակագործը։

Բեմում երաժշտություն արարող, կյանքում ճշտապահ, օբյեկտիվ ու չափազանց խիստ․ Դիրիժորի որդու՝ Նարեկ Դուրյանի հիշողություններն են։ Անկեղծանում է՝ ուրախ է, որ հենց այս կերպ Օհան Դուրյանը կմնա Երևանի ու երևանցիների հիշողություններում։

«Շատ խիստ էր, բայց ես պաշտում եմ ու շնորհակալ եմ իրեն հենց իր խստության համար, եթե ինքը այդքան խիստ չլիներ, ես այս համեստ մարդը չէի դառնա։ Ինքը չարությունները ներում էր, ծիծաղում էր, բայց անպատասխանատվությունը, սուտը անճշտապահությունը չէր ներում։ Եթե ասում էր ժամը 12-ին ճաշում ենք, 12։01 ես սոված կմնայի եթե ուշանայի․ Փառք Աստծո տատիկս կար ու թաքուն ինձ կերակրում էր»,– ասում է Նարեկ Դուրյանը։ 

Աննկարագրելի աշխատասեր էր, անհավանական հիշողություն ուներ, չնայած խստապահանջությանը, համերգներին շատ հանգիստ էր պատրաստվում՝ պատմում է Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը։

«Իբրև մարդ շատ ուղղամիտ էր, ազնիվ, ստախոսությունը բնավ չէր սիրում, խիստ էր ու առաջին հերթին ինքն իր հանդեպ, բայց նաև շատ բարի էր։ Անչափ շատ էր սիրում երեխաներին ու կենդանիներին։ Միշտ ուզում էր, որ երեխաները նույնիսկ շատ փոքրերը իր համերգներին ներկա լինեն ու շատ ուրախանում էր, երբ հանդիսատեսի շարքերում երեխաների էր տեսնում, համարում էր որ դասական երաժշտությու պետք է մանկուց լսել»։

Օհան Դուրյանի նորակերտ արձանը նաև նրա ստեղծագործությանը ծանոթանալու հնարավորություն է․ արձանից հնչում են Օհան Դուրյանի կատարումները։ Նրա ձայնագրությունների մեծ մասը Հանրային ռադիոընկերության ձայնային արխիվում է: Դրանք թվայնացվել են, և շուտով կթողարկվի նաև դուրյանական ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն։

Կարդացեք նաև

Back to top button