
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհներ ստացած 10 բուհերից մեկը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է` իր արդիական ծրագրով: Ծրագրի հիմնական նպատակն է մեկ միասնական գիտական արդիական միջավայրում համախմբել բուհի բոլոր մասնաճյուղերը` մայր մասնաճյուղի գլխավորությամբ։ Այսինքն՝ ստեղծել միասնական գիտատեղեկատվական հետազոտական դաշտ:
Ծրագրով նախատեսվում է բարձրացնել կրթության որակը, պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ, զարգացնել ուսումնահետազոտական բազան արդիական պահանջներին համապատասխան, ապահովել բուհի գործունեության թափանցկությունն ու հասանելիությունը: Բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը հավաստիացնում է, որ ուսանողն այս բոլոր բաեփոխումների անմիջական ազդեցությունը կզգա շատ կարճ ժամանակահատվածում:
Ի դեպ՝ նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամենամեծ ֆինանսավորում ստացող բուհը հենց ճարտարագիտական համալսարանն է։ Պետության կողմից տրամադրվող 600.000 դոլարից բացի բուհը մասնավոր աջակիցների կողմից ստացել է ևս 150.000 դոլարին համարժեք դրամ:
Հիշեցնենք, որ մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման նպատակն է նպաստել բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, բուհերի կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, ինչպես նաև կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը։




