ԿարևորՀասարակություն

Բարդ էր, բայց հաղթահարելի. ատեստավորվել է մասնակից ուսուցիչների 66 տոկոսը

Ավարտվել է ուսուցիչների ատեստավորման հերթական փուլը: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը)։ Նրանցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները, տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը կամ 66 տոկոսը։ Նախարարը նաև հայտնել է, որ 2023 թվականից կամավոր ատեստավորում են  անցնելու նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներն ու դասվարները։

Աննա Ռուբենյանը ավագ դպրոցի  ֆիզիկայի ուսուցչուհի է։ 2-րդ անգամ էր մասնակցում կամավոր ատեստավորմանը։ Անցած տարի անցողիկ շեմը չհաղթահարելը չէր հիասթափեցրել։ Ընդհակառակը՝ ավելի էր մոտիվացրել։ Այսօր արդեն ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերածների մեջ է նրա անունը։

«Պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում եմ աշխատում։ Ամառվա ընթացքում որոշակի վերանայել եմ նյութը, բայց պատկերացում չունեի, թե ինչեր կլինեին։ Ինքս ֆիզիկայից հավաքել եմ 97 տոկոս։ Իմ կարծիքով բավական լավ, բարեխիղճ էին կազմված տոմսերը։ Եվ կար ծանոթ հարցեր և անծանոթ խնդիրներ, բայց շփոթեցնող չէր։ Հա բարդ  էլ կար, բայց կարծում եմ ուսուցչի համար նորմալ է, մի քանի քայլ բարձր պետք է կազմված լինեն ուսուցչի թեստերը»։

Մարիամ Պետրոսյանն էլ հայերենի մասնագետ է։ 81 տոկոսն է հաղթահարել։ Նրա  հավելավճարը աշխատավարձի 40 տոկոսը կկազմի։ Անկեղծանում է՝ առաջին մոտիվացնող գործոնն աշխատավարձի հավելավճարն է եղել, բայց կարևոր էր նաև ինքնաստուգումը։ Համոզվել է՝ բոլորը հարցերը հաղթահարելի են։

«Ճիշտ է՝ լարված էր, ծանր էր, բայց հաղթահարելի։ Գուցե, որ ես ավագ դպրոցում եմ աշխատում, նաև աշխատել եմ ավարտական դասարաններում, ծրագիրն ինձ համար անծանոթ չէր։ Գուցե հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչների համար մի փոքր բարդ է եղել, որովհետև նրանք այս չափով ծրագիրը չեն անցնում դասապրոցեսի ընթացքում»։

Որ թեստերը հեշտ չեն եղել, փաստում են նաև ԳԹԿ-ից։ Բայց այդ բարդությունն արդարացված է, նկատում է փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Ւ վերջո՝ ուսուցչի գիտելիքների ստուգում է, ոչ թե աշակերտի։

«Ես կուզեի, որ շատ լուրջ վերաբերվեն ուսուցիչերը ատեստավորմանը, որովհետև ԳԹԿ–ն թեստը կազմել է ուսուցչի համար, չի կազմել աշակերտի կամ դիմորդի համար, այսինքն՝ դրանից բարձր մակարդակի թեստ պիտի կազմեր ինքը, և կազմել է։ Եթե դու սահմանափակվում ես միայն օրվա դասով, ապա ատեստավորմանը չես կարող մասնակցել, կամ շատ ցածր միավոր կստանաս, այդպես էլ կա»։

Մասնակիցների փոքր թիվը հուշում է, որ աշխատավարձի բարձրացում ակնկալող ուսուցիչներն այս տարի ևս մեծ ոգևորությամբ չեն մասնակցում կամավոր ատեստավորմանը․ արձանագրումը կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանինն է։ «Նույն գործընթացը շարունակվեց այս տարի։ Գրանցման գործընթացը սկսվեց ամռան ամիսներին, և էլի խանդավառություն չառաջացրեց ուսուցիչների մոտ, որովհետև նրանց ոչ ավելի, քան 10 տոկոսը հետաքրքրություն ցուցաբերեց այդ գործընթացի նկատմամբ։ Հիմա արդյունքները ցույց են տալիս, որ նրանց զգալի մասը չի էլ մասնակցում ատեստավորման գործընթացին»։

Կառավարության հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ հանրապետության շուրջ 30.000 շահառու ուսուցիչների 15 տոկոսն է դիմել ատեստավորման, սակայն ատեստավորվել է նրանց  66 տոկոսը: Նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15 417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9 տոկոսը: Այս տարի գրանցվել է շուրջ 13 տոկոսը: Այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60 տոկոսը՝ 2300 մասնակից։

«Ատեստավորումն անցած են համարվում, բայց ֆինանսական ավելացում չեն ունենա այն ուսուցիչները, որոնք հաղթահարել են 60 տոկոսի շեմը, բայց  չեն հաղթահարել 70 տոկոսի շեմը։ 70–ի շեմը  հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ , որին էլ գումարվում է հավելավճարը»։

30 տոկոսի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 տոկոսը, 40 տոկոս հավելավճար կստանա մասնակիցների 17 տոկոսը, և 50 տոկոս հավելավճար կստանա 6 տոկոսը:  Հավելավճարները իրենց հաշվեհամարին կտեսնեն արդեն նոյեմբերին։

Ըստ ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին կառավարության որոշման՝ 90-100 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները հավելավճար են ստանալու աշխատավարձի 50 տոկոսի չափով, 80-89- տոկոսի դեպքում նախատեսված է աշխատավարձի 40, 70-79 տոկոսի դեպքում՝ 30 տոկոս հավելավճար։ 60-69 տոկոս արդյունք ունեցող ուսուցիչները համարվում են ատեստավորված, սակայն նրանց աշխատավրձը չի ավելանա, իսկ մինչև 60 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը հաջորդ տարի պետք է պարտադիր ատեստավորվի և եթե կրկին չգրանցի դրական արդյունք՝ կազատվի աշխատանքից։

Կարդացեք նաև

Back to top button