ԿարևորՔաղաքական

Տեսանելի երկխոսություն Արցախի և Ադրեջանի միջև․ կարևոր հանգամանք Սոչիից առաջ

Հայաստանի վարչապետը ցանկանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, թե որքանով է իրատեսական այս հեռանկարը, չգիտի․ Նիկոլ Փաշինյանն  այս հայտարարությունն արել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ։ Նա հաստատել է, որ ընդունել է հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու Մոսկվայի հրավերը։  Հայաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, պատրաստվում է  ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի  արտահերթ նիստ հրավիրել ՝ կառույցից քաղաքական հստակ գնահատականներ ստանալու ակնկալիքով։

Հայաստանի վարչապետը Սոչի է մեկնում հենց այն օրը, որն առաջարկել էր թվիթերյան գրառմամբ Բրյուսելում հանդիպելու համար։  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հանդիպման է հրավիրել հոկտեմբերի 31-ին։ Փաշինյանն արդեն համաձայնել  է, բայց տեղյակ չէ, թե ինչպիսին է Բաքվի պատասխանը։  

Աժ-ում հարց ու պատասխանի ժամին վարչապետը նշել է, որ բազմաթիվ հարցադրումներով է մեկնելու և ակնկալում է Սոչիում ստանալ հստակ պատասխաններ։ Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով վերջին հանդիպումը նախորդ տարվա նոյեմբերին էր։ Դրանից հետո ծավալված զարգացումները հստակ գնահատականների կարիք ունեն։ Դրանք ստանալու ակնկալիքով է Սոչի մեկնում Փաշինյանը։

«Շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն։ Եվ այդ հարցերի օրակարգը հայտնի է։ Չեմ թաքցրել, որ մեզ համար այնքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը։ Գիտեք, որ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Ռուսաստանում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, որոնք փորձում են այդ նարատիվը զարգացնել։ Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ շատ էական քննարկումներ պետք է տեղի ունենան»։

Հայաստանը ՀԱՊԿ-ին պաշտոնապես արդեն ներկայացրել է, թե վերջին ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը ինչ քաղաքացիական ենթակառուցվածքներ էր թիրախավորել Հայաստանի տարբեր հատվածներում։  Հայկական կողմն այժմ նախապատրսատում է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության արտահերթ նիստ, որտեղ ՀԱՊԿ-ից Հայաստան եկած խմբի եզրակացության հիման վրա որոշումներ կկայացվեն։ Հայաստանում ակնկալում են, որ արտահերթ նիստը կգումարվի հնարավորինս շուտ, իսկ ակնկալիքները անվտանգային կառույցից երկուսն են։

«Շատ հստակ ակնկալիք կա, որ առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ  Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության և կառավարության կողմից, կստանան պատասխաններ», – ասում է Փաշինյանը։

Չնայած բարդ իրավիճակին Հայաստանի վարչապետը, իր իսկ ձևակերպմամբ, ցանկանում է, որ «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և Ադրբեջանի մեջ կնքվի մինչև տարեվերջ։

«Կա մի այսպիսի կարևոր հանգամանք, որ մենք հույս ունենք և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ ինչքանո՞վ է դա իրատեսական․ եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է իրատեսական լինել, որովհետև ըստ էության այդ սահմանները հայտնի են։ Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ և Ադրբեջանի միջև և, սա շատ կարևոոր հանգամանք է և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն։ Շատ լավ կլինի և շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել»։

Ադրբեջանական ագրեսիայից հետո վնասված քաղաքացիական ենթակառուցվածքները, պարզվում է իրականում որոշակի խնդիրներ են առաջացրել առանձին ոլորտներում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սակայն, հուսով է, որ սահմանված ծրագրերից հետ չեն մնա։

«Ամենահրատապը էլեկտրականության և գազամատակարարման վերականգնումն էր։ Մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որտեղ վերականգնման հնարավորություն չկար, որովհետև հակառակորդը կրակում էր վերականգնող խմբի ուղղությամբ և մոտ 10-12 ժամ խնդիր ունենալուց հետո նույնպես դա հաջողվեց վերականգնել։ Մնացած բոլոր վերականագնումները ընթացքում իրականացվել են։ Այո, եղել են դեպքեր, երբ մենք ստիպված ենք եղել անվտանգությունից ելնելով մի շարք աշխատանքներ դադարեցնել, այդ թվում նաև ճանապարհաշինարարական ոլորտի, բայց ի պատիվ մեր շինարարների, հետագայում սկսել ենք այդ աշխատանքները, և կարծում եմ՝ կարճատև դադարն ու խնդիրները պատճառ չեն դառնա, որ մեր ծրագրերը կյանքի չկոչենք»։

Հարց ու պատասխանի ժամին անգամ իշխանական պատգամավորներին էր հետաքրքիր, թե որքանով է հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումից հետո թշնամու հետ բարեկամություն անելը։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ անգամ թշնամանքը պետք է կառավարելի դարձնել, այլապես այն նոր խնդիրներ կարող է առաջացնել։

Կարդացեք նաև

Back to top button