ԿարևորՀասարակություն

Լուսացույցը գովազդից խամրում, անտեսանելի է դառնում. վարորդները բողոքում են

Գովազդային մեծ ու փոքր, գրեթե ամենուր փակցված գունեղ ցուցապաստառները վարորդների համար իսկական «գլխացավանք» են դարձել։ Նրանք դժգոհում են, որ հատկապես էլեկտրոնային հսկայական գովազդային վահանակներն են  խանգարում  երթևեկությանը․ փակում են տեսադաշտը, շեղում  ուշադրությունը։ Դրանց չեն զիջում նաև խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ խաչերը, որոնք ևս հաճախ են պատճառ դառնում, որ վարորդները խախտեն երթևեկության կանոնները։ Չնայած օրեսդրական կարգավորումներին, գիշերային Երևանում գույնզգույն գովազդային վահանակները դեռ շարունակում են անհանգստացնել երևանցիներին, հատկապես վարորդներին։ 

Դեղատների մասին ազդարարող կանաչ խաչերը գիշերային ժամերին շարունակում են անհանգստացնել ոչ միայն վարորդներին, երբեմն նաև՝ հետիոտնին: Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է,  որ խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, լուծում, սակայն, չկա։

«Անձամբ ես և վարորդների 90 տոկոսը այդ առումով շփոթված եղել ենք։ Նույնիսկ եթե լույսերը իրարից մոտ 50 մետր հեռավորությամբ են, արագություն հավաքելիս հեռավորությունից հնարավոր չէ ժամանակին արգելակել։ Այդ թեման երևի թե 2 տարին մեկ բարձրացվում է, հասնում պիկին, նորից մարում։ Որոշել էին, որ գոնե գույները փոխեն, կապույտ կամ սպիտակ անեն։ Ամեն դեպքում ողջունելի չէ, որ ճանապարհին ու ճանապարհի հարակից տարածքում կանաչ կամ դեղին գույնիի լույսեր օգտագործվեն գովազդում»։  

Կանաչ գույնը գուցե շփոթեցնող է, բայց ըստ ՀՀ կառավարության որոշման՝ դեղատունը արտաքին հատվածից պետք է ձևավորված լինի «Դեղատուն» վերտառությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտին համապատասխանող կանաչ խաչի նշանով:

 Առողջապահական և աշխատանքի տեսչական  մարմնի դեղերի շրջանառության վերահսկողությանվարչության պետի պարտականությունները կատարող Դավիթ Սայամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է որոշմաբ սահմանված է ևս մեկ պահանջ, այն է՝ կանաչ խաչը պետք է ուղղահայաց փակցվի դեղատան արտաքին պատին, իսկ լուսավորվող խաչի դեպքում՝ պետք է լինի չթարթող և լուսավորվի միայն դեղատան աշխատանքային ժամերին:

«Կառավարության որոշման մեջ փոփոխություններ են կատարվել,  և այս պահին գործում է կառավարության տվյալ որոշումը։  Ժամանակին չթարթելու հետ կապված որևէ կարգավորում չկար, և այդ թարթող կանաչ գույնի խաչերը որոշակի շփոթմունք էին առաջացնում վարորդների համար, դրա համար փոփոխություն իրականացվեց,  որ կանաչ խաչը չթարթող լինի»։

Դեռևս 2018թ.մարտին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել են խաչմերուկների հարևանությամբ տեղադրված դեղատների կանաչ խաչերը: Արդյունքում 53 կանաչ խաչեր, որոնք կարող էին նույնականացվել լուսացույցի կանաչ լույսի հետ, ապամոնտաժվել են: Բայց քանի որ դրանով խնդիրը չէր լուծվել,  2020 թ. մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկեցին փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ՝ տեղադրել են կանաչ լույսով խաչեր:

Ի դեպ՝ ոչ միայն դեղատների կանաչ խաչերը, այլև առհասարակ, գովազդային մեծ ու փոքր, գույնզգույն, գրեթե ամենուր փակցված ցուցապաստառներն են վարորդների համար «գլխացավանք» դարձել։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը նկատում է, որ հատկապես մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված էլեկտրոնային հսկայական գովազդային վահանակներն են  խանգարում  վարորդներին։ Դրանք  փակում են տեսադաշտը, շեղում  ուշադրությունը։

«Եթե օրինակ Սովետի տարիներին Կոմիտաս փողոցում կանգնեիր,  մինչև գրեթե փողոցի մյուս ծայրի լուսացույցները տեսանելի էին։ Ոչ մի բան չէր խանգարում լուսացույցը տեսնել թեկուզ մեկ կիլոմետրից։ Հիմա գովազդները այնքան են շատացել ու այնքան բազմազան են, որ լուսացույցի կողքը կանգնում ես, հազիվ 5 մետրից սկսես նկատել։ Դրա համար երևի տեսած կլինեք քաղաքապետարանի մոտ, Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ամբողջ հանգույցն ու սյունն են  լուսացույցի նույն գունից տալիս, որ առավել տեսանելի լինի։ Ողջունելի է»։

Չնայած «Գովազդի մասին» օրենքը կանոնակարգում է դաշտը, արտաքին գովազդի մասով ավելի մեծ իրավասություններ տալով տեղական ինքնակառավարման մարմիններին և անգամ դրանց չափորոշիչների սահմանման վերաբերյալ ավագանու որոշում կա, իրավիճակը, մեղմ ասած, անհանգստացնող է:

Խնդրով նաև քաղաքային իշխանությունն է անհանգստացած։ Օրենքով հստակ ասվում է, որ Երևանի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երևանի քաղաքապետը: Թե գովազդային մեծ վահանակների, թե շենք շինությունների վրա տեղադրվող տեղեկատվական վահանակների, թե էլեկտրոնային էկրանների չափորոշիչները ու կարգավորումները ամրագրված են Երևանի ավագանու որոշման մեջ։

Երևանի քաղաքապետարանի աշխատկազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալ Հովհաննես Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գովազդները համաձայնեցվում են Երևանի քաղաքապետարանի հետ, իսկ տեղադրման թույլտվությունը տրամադրում են վարչական շրջանների ղեկավարները։ Ինչ վերաբերում է երթևեկությանը, վարորդներին խանգարելուն, քաղաքապետարանը նախապես գովազդային կազմակերպություններին զգուշացնում է նվազագույնի հասցնել կոնտրաստը, գույները։ Նույնը վերաբերում է նաև ճառագայթող, թարթող սպիտակին, ինչը ևս չի խրախուսվում։ Ամրագրված կարգավորումներից շեղումներ, իհարկե, լինում են, ասում է զրուցակիցս, բայց քաղաքային իշխանությունը անտարբեր չի մնում դրանց նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումներն, ըստ նրա՝ շատ կարճ ժամանակում վերացվում են, իսկ իրավախտները՝ տուգանվում։ Հովհաննես Պետրոսյանը հորդորում է անհանգստացնող կամ խանգարող գովազդային վահանակների առկայության դեպքում անմիջապես տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին։

Կարդացեք նաև

Back to top button