Հասարակություն

Ամանորի տոներին սննդային թունավորումների դեպքեր չեն արձանագրվել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ամանորյա տոներին շտապօգնությունն աշխատել է լարված: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կանչերի թիվն այս տարի աճել է: Հունվարի 1- 7- ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6851 կանչ` սուր շնչառական և սիրտանոթային հիվանդություններով և կոտրվածքների գանգատներով: «Ամենաշատ կանչը գրանցվել է հունվարի 4-ին, երբ շտապօգնության աշխատակիցները կատարել  են 830 կանչ,  որը շատ մեծ թիվ է, իսկ ամսի 1-ին 809 կանչ: Անցյալ տարի  հունվարի 7-ին  գրանցվել է 726 կանչ»,- ասում է «Շտապօգնության» ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը։

Այս տարի, կարելի է  ասել, չեն եղել սննդային թունավորումների դեպքեր, գրանցվել է քրոնիկ գաստրիտների սրացման ընդամենը 3 դեպք, իսկ 40 դեպք էլ գրանցվել է ոգելից խմիչքը չարաշահողների կողմից, սական «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը վստահեցնում է, որ մեծ ցուցանիշ չէ, քանի որ նրանց մեջ են մտնում նաև քրոնիկ ալկոհոլ օգտագործողները:

Տնօրենի տվյալներով` ամեն օր շտապօգնությունը գնում է 830 կանչի հետքերով, ու իր ծառայությունները մատուցում ընդամենը  35 մեքենայով: Նոր մեքենաներով համալրելու ցանկությունը մեծ է, սակայն այս ուղղությամբ  քայլեր դեռ  չեն ձեռնարկվում։ Ըստ Ստեփանյանի՝ շարունակվում է ծառայության արդիականացման  ծրագիրը: Այսօր առողջապահության նախարարության հետ մշակում են ծրագիր` կարգավարման կենտրոնների աշխատանքը հեշտացնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է շտապօգնության կանչերը տարանջատել հետաձգելի  օգնությունից, ասում է։

Հաճախ ենք դժգոհում, որ կանչերը գրանցելուց կարգավարները հիվանդին են ուղղում հարցերի շարան, որն այդ լարված պահին բարկացնում է կանչը տվողին, սակայն ոլորտը կարգավորողի հավաստմամբ` դա միայն անհրաժեշտություն է, միաժամանակ ներողություն խնդրելով ազգաբնակչությունից` տոն օրերին գրանցված կանչերին  ուշ հասնելու համար: 

Back to top button