ԿարևորՀասարակություն

Մարդահամար՝ ավանդական ու արտասովոր հարցերով․ ի՞նչ է փորձում պարզել պետությունը

Ուղիղ մեկ շաբաթ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է 3-րդ՝ 2 անգամ հետաձգված մարդահամարը։ Հաշվառմանը առաջին անգամ մասնակցում է երկրի բնակչության միայն 25 տոկոսը․ սա մարդահամարի ընտրանքային մեթոդն է․ այսինքն՝ հարցում անողները թակում են յուրաքանչյուր 4-րդ տան դուռը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, պատմում է՝ մարդահամարի մեկնարկի մասին տեղյակ է եղել, սիրով ընդունել է հաշվարարներին, բայց հենց առաջին հարցերից հետո զարմացել ու անգամ զայրացել է։

«Շատ տարօրինակ հարցեր էին, եթե իմանայի նման հարցեր են տալու, չէի թողնի, որ ներս գային։ Չհասկացա, թե մարդահամարի հետ ինչ կապ կարող են ունենալ այդ հասցեում ապրողների հիվանդությունները, բնակարանի մակերեսը կամ ջեռուցման համակարգը։ Հարցրին՝ որտեղ եմ ծնվել, ասացի, որ Վրաստանում, տեսուչն ասաց, որ շենքում արդեն 3-րդ մարդն է Վրաստանում ծնված, հարցրեց՝ կարող եմ գրել Երևան։ Ես էլ բնականաբար ասացի՝ ոչ չի լինի»։

Քաղաքացուն զարմացրել է նաև այն, որ հաշվարարները իրենից անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջել, հարցաթերթիկում էլ միայն հարցվողի անունն են նշել։ «Ռադիոլուրի» զրուցակիցը ասում է, որ նախկինում էլ է մարդահամարի մասնակցել, բայց պատասխանել է միայն տվյալ հասցեում փաստացի ապրողների մասին հարցերի, իսկ այս անգամ հարցերն էլ պատասխաններն այլ էին։

«Բնակարանի սենյակների թիվն էին հարցնում, ախր դա ի՞նչ կապ ունի մարդահամարի հետ։ Հարցնում են՝ որ թվականին եք ծնվել, քանի տարեկան եք․․․ ախր դա ակնհայտ է։ Հարցրին՝ որտեղ եք աշխատում, բայց երբ ասացի, որ ամուսինս արվեստագետ է, երաժիշտ է, հայտնաբերեցին, որ իրենք համապատասխան տողը չունեն նշումն անելու համար։ Մի խոսքով յուրաքանչյուր հաջորդ հարցն ավելի էր զարմացնում ինձ»։

Մարդահամարն իրականացնող Վիճակագրական կոմիտեում քաղաքացիների դժգոհություններին տեղյակ են, ասում են՝ դա հեշտ աշխատանք չէ, քաղաքացիները հաճախ նաև դուռը չեն բացում, հրաժարվում են մասնակցել հարցմանը։ Կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը բացատրում է, որ մարդահամարի նպատակը միայն երկրի բնակչության թվային պատկերը ստանալը չէ, այլ նաև բնակչության ժողովրդագրական, սոցիալ–տնտեսական պատկերն ամբողջացնելը․ հենց այդ նպատակով են քաղաքացիներին տրվում նաև զարմանք առաջացնող հարցեր։

«Մարդահամարը տվյալներ է տալիս ոչ միայն բնակչության թվի, այլ նաև կրթական մակարդակի, ամուսնական կարգավիճակի, ազգային կազմի, կրթական մակարդակի վերաբերյալ տվյալներ։ Տվյալներ կստանանք նաև կանանց ծնելիության մակարդակի, սերունդների միջև եղած տարբերության վերաբերյալ, կհասկանանք՝ դրան համապատասխան ինչպիսի ժողովրդագրական, սոցիալական կամ առողջապահական ծրագրերի կարիք կա»,– բացատրում է Կարինե Կույումջյանը։

Սա Հայաստանի Հանրապետության 3-րդ մարդահամարն է․ անկախացումից հետո առաջինը 2001-ին էր, երկրորդը 2011-ին։  Երրորդը նախ՝ համավարակի հետո արդեն պատերազմի պատճառով հետաձգվեց ու մեկնարկեց միայն 2022-ի հոկտեմբերին։

Մարդահամարի տվյալները հաջորդ 10 տարում պետք է օգնեն այս կամ այն ոլորտում պետության ռազմավարական ուղղությունները ավելի թիրախային դարձնելու  հարցում՝ ասում է Կույումջյանը։ Հարցաշարում ընդգրկված հարցերից է, օրինակ՝ արդյո՞ք քաղաքացին ծնված օրվանից է տվյալ հասցեում ապրում․ սա կօգնի բնակչության բնական շարժի մասին տվյալներ ստանալ՝ բացատրում է մասնագետը։  

«Տվյալներ են հավաքագրվում նաև բնակչության բնակարանային պայմանների վերաբերյալ, ինչպիսի պայմաններ ունեն, այն շենքը կամ շինությունը որտեղ ապրում են ի՞նչ վաղեմություն ունի, քաղաքաշինական որևէ ծրագրի անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա։ Սենյակների թվի կամ մակերեսի վերաբերյալ հարցերը կօգնեն պարզել, օրօինակ, յուրաքանչյուր անձին որքա՞ն մակերես է բաժին ընկնում։ Արդյոք կոմունալ բոլոր հարմարությունները կա՞ն, թե՞ ոչ, աղբահանությունն ինչպե՞ս է իրականացվում։ Այսինքն՝ սրանք այն բոլոր տվյալներն են, որոնք, բնակչության թվի հետ համադրելով, կարելի է ավելի ընդհանրական ու համալիր վերլուծություն ստանալ»,– ասում է Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչը։

Ազգություն, լեզու, կրոն․ այս հարցերին քաղաքացիները կարող են չպատասխանել։ Ընդհանուր առմամբ հարցաթերթիկը շուրջ 4 տասնյակ հարց է պարունակում։ Այս տարի առաջին անգամ բնակիչները պատասխանում են նաև առողջապահական հարցերի, հարցաթերթիկներն էլ ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային են։

«Հարցերը վերաբերում եմ մարդու հիմնական գործառույթներին՝ քայլել, լսել, տեսնել, հաղորդակցվել․ արդյոք քաղաքացիները դժվարութոյւններ ունե՞ն այդ հարցերում, թե՞ ոչ։ Այս տվյալներն էլ կօգնեն առողջապահական ու սոցիալական ծրագրերի մշակման հարցում, օրինակ՝ կհասկանանք Հայաստանի ո՞ր տարածաշրջանում բնակչության ինչպիսի խնդիրներն են առավել տարածված»։

Առկա և մշտական բնակչության վերաբերյալ ավելի ստույգ տվյալներ ստանալու համար հարցաթերթիկները ներառում են նաև լրացուցիչ հարցեր։ Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը բացատրում է՝ մարդահամարն իրականացվում է տվյալ պահի դրությամբ, հետևաբար կարող են հաշվառվել նաև, օրինակ, վերջին շրջանում ՌԴ–ից Հայաստան եկածները․ նրանց դեպքում սակայն հարցադրումներն այլ են։

«Մենք հատուկ հարցադրումներ ունենք․ իրենք ե՞րբ են ժամանել, ի՞նչ նպատակով։ Եվ այդ պատասխաններն ամբողջացնելով, կապելով սահմանային ծառայությունների տվյալների հետ՝ մենք կկարողանանք որոշել իրենց կարգավիճակը՝ արդյոք մեր երկրում իրենք ժամանակավո՞ր բնակվողներ են, թե՞ եկել են մշտական բնակության»,– ասում է Կույումջյանը։

Մարդահամարը իրականացնելու համար պետությունը հատկացրել է շուրջ 3 միլիոն դոլար։  2180 հաշվարար ու 433 հրահանգիչ դեռ 2 օր կայցելեն քաղաքացիներին Հայաստանի բոլոր մարզերում։ Վիճակագրական կոմիտեն 9-օրյա մարդահամարի արդյունքները կամփոփի 1 տարի 2 ամիս անց՝ 2023-ի դեկտեմբերին։

Կարդացեք նաև

Back to top button