Վազգեն եպս. Միրզախանյան. «Մենք բոլորս՝ այստեղ Վրաստանում ապրողներս, վրաստանցիներ ենք
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Այսօր Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել նաև Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվել է նաև ջրօրհներք. հայ համայնքի ներկայացուցիչները օրհնված հրաշագործ ջուրը տարել են` ի բժշկություն հոգևոր ու մարմնավոր ախտերի: Արարողությանը ներկա են եղել նաև Վրաստանի ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ պատիժների իրագործման և իրավական օգնության ու հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարներ Սոզար Սուրաբրին ու Պաատա Զաքարեշվիլին, Թբիլիսիի քաղաքապետը Գիգի Ուգուլավան և այլք:
«Հայ ժողովուրդը Վրաստանում ավելի քան 1500 տարի Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշում է հենց հունվարի 6-ին՝ հավատարիմ մնալով հնագույն ավանդությանն ու ավետարանական հաշվարկներին». Աստվածահայտնության առիթով Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորելով ներկաներին ասաց, որ այդ պատճառով հայերն այս երկրում ոչ թե փոքրամասնություն են, այլ այս երկրի լիարժեք քաղաքացիներ:
«Մենք որպես հայ եկեղեցու հետևորդներ, չենք ընդունում էթնիկ փոքրամասնություն տերմինը, որով մեզ բաժանում են մյուսներից. մենք բոլորս՝ այստեղ Վրաստանում ապրողներս, վրաստանցիներ ենք` վրաց հասարակության մեկ մասնիկը»,- նշեց։
Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին առանձնացնելով վիրահայոց թեմի առաջնորդի խոսքերը նշեց, որ դա «մի մոտեցում է, որ կարող է օգնել, որպեսզի Վրաստանում ապրող հայերի ինտեգրումը տեղի ունենա էլ ավելի արագ ու սերտ»:
Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարար Պաատա Զաքարեշվիլին համայնքի ներկայացուցիչներին փոխանցեց երկրի նախագահ Գեորգի Մարգվեալշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբիշվիլիի շնորհավորանքները: Վերջիններս իրենց ուղերձում, գնահատելով հայ-վրացական դարավոր բարեկամությունը, նշում են, որ միասին դեռ պետք է շարունակենք մեր նպաստը բերել երկրի զարգացման գործընթացին:
Տոնական արարողությունից հետո «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավանդական հայկական գաթային փառատոնը: