ԿարևորՀասարակություն

«Կապույտ անձնագիր»՝ 150 հազար դոլար ներդրման դիմաց․ ոստիկանությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

Առնվազն 150 հազար դոլարի ներդրում և Հայաստանի Հանրապետոթյունը պատրաստ է օտարերկրացուն պարզեցված կարգով քաղաքացիություն ու «կապույտ անձնագիր» տալ։ Օրենքի նախագիծը մանրամասնում է՝ ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել երկրի համար բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ՝ ներդրում ունեցող անձանց: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանն ասում է՝ սա միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցնում է, զարմանալ պետք չէ։

«Բացառիկ ծառայություններ մատուցելու և քննարկվող նախագծի միջև հավասարության նշան պետք չէ դնել, դրանք քաղաքացիություն ստանալու կարգի բոլորովին առանձին, տարբեր երկու մոտեցնումներ են։ Աշխարհում շատ պետություններ, որոնց քաղաքացիություն ստանալը այս կամ այն պահին մեծ պահանջարկ ունի, օգտվում են այդ հանգամանքից և այդ պահանջարկը ուղղում են դեպի տնտեսություն։ Այսինքն՝ ստեղծում են իրավական կարգավորումներ, որ անձը, քաղաքացիություն ստանալու շահն ունենալով, նաև տնտեսության մեջ ներդրում անի»,– ասում է Քոչարյանը։

Հովհաննես Քոչարյանը մատնանշում է վերջին 10 ամիսներին աշխարհաքաղաքական մի շարք գործոններով պայմանավորված ռուսական մեծ հոսքը դեպի Հայաստան։ Նա  շեշտում է, որ այս իրավիճակում նախաձեռնությունը տեղին ու ժամանակին է։ 2022-ի հունվար-օգոստոսին ոստիկանությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու մոտ 7000 դիմում է ստացել։ Այս ցուցանիշը գրեթե եռակի գերազանցում է 2021-ի տվյալները։ Այդ տարվա  նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2600 մարդ էր դիմել։

«Այսօր, հատկապես Ռուսաստանի քաղաքացիներն են ձգտում դեպի Հայաստան և, որքան ես գիտեմ, հիմնականում IT ոլորտի մասնագետները․ նրանք լքում են Ռուսաստանը և իրենց բիզնես գործունեությունը ծավալում են ոչ ռուսաֆոբ երկրներում և, բնականաբար, պետությունը որոշել է օգտվել այդ հանգամանքից»,-կարծում է Հովհաննես Քոչարյանը։

Հուլիսին օրենսդիրը ընդունեց այս կարգավորումը,  հիմա Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է՝ ինչ ասել է նշանակալի ավանդ։ Նախագծում մանրամասն նկարագրվում են այն պայմանները, որոնց դեպքում անձը կարող է պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Հայաստանում արդեն գործող առևտրային կազմակերպության, կրթության, գիտության բնագավառում գործունեություն իրականացնող ընկրության համար ներդրում անելը, կամ 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում  ներկայացվող պահանջներից մի քանիսն են։

Նախագիծն ու ներկայացվող կարգավորումները ժողովրդագրական և նաև տնտեսական առումով խոցելի ու վտանգավոր է համարում տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել,  թե որն է լինելու Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո հաջորդ քայլը։

«Արդյո՞ք այն մարդիկ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն կմնան Հայաստանում, թե՞ քաղաքացիությունը կօգտագործեն, օրինակ, իրենց երկրում զինապարտությունից խուսափելու կամ ինչ-որ արտոնություններից օգտվելու համար։ Արդյո՞ք մենք ի վիճակի կլինենք այդ փոքր և միջին ձեռնարկատերերին հետագայում Հայաստանում պահել։ Մեր հաշվարկներով եթե նրանցից 2-3 տոկոսը մնա Հայաստանում այդ դեպքում հնարավոր է դրական ազդեցություն ակնկալել համախառն ներքին արդյունքի և առհասարակ տնտեսության մրցակցության վրա»,– ասում է տնտեսագետը։

Նախագծի հրապարակումից հետո ամենաքննարկվող քննադատություններից մեկը նաև հարևան, թշնամի երկրների քաղաքացիների հնարավոր հոսքն է Հայաստան։ Տնտեսագետը սա ոչ պակաս կարևոր հանգամանք է համարում։ Նա վստահեցնում է, որ շատ բարդ է լինելու ժողովրդագրական անվտանգությունը ապահովելն ու վերահսկելը, արդյունքում՝ ակնկալինքների փոխարեն կարող ենք ունենալ նոր սպառնալիքներ։

«Հայաստանը այլևս չի ունենա էթնիկ այն կառուցվածքը, որն ուներ մինչև օրս։ Չմոռանանք, որ Իրանի Իսլամական Հանարպետության հետ ունենք ազատ տնտեսական գոտի, որը Իրանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատ ելումուտ անել Հայաստան, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ Իրանի հենց սահմանակից նահանգի բնակչության գերակշռող մեծամասնությունը ադրբեջանցիներ են, և միամտություն կլինի կարծել, որ նրանք միայն, օրինակ, զբոսաշրջության համար կայցելեն Հայաստան»։

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը հակադարձում է՝ միայն ցանկությունը կամ այս դեպքում նաև ֆինանսական ներդրումը բավական չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ դիմումատուն նաև փաստաթղթային ստուգում է անցնում․ ինչը կարող է բացառել անցանկալի անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը։

«Պատահական չէ, որ փաստաթղթերի վերլուծությունը Ազգային անվտանգության ծառայությունն է անում և, եթե իրենք պետության անվտանգության համար ինչ-որ սպառնալիք տեսնեն, իրենք բնականաբար դիմումին կտան բացասական եզրակացություն։ Հատկապես Մերձավոր արևելյան երկրների դեպքում ստուգումները շատ խորն ու մանրամասն են արվում։ Ես գոնե թե իմ պաշտոնավարման ընթացքում միայն մերժման դեպքեր եմ հիշում, որևէ դեպքով ԱԱԾ–ն դրական եզրակացություն չէր տալիս»։

Քոչարյանն ասում է՝ առաջարկվող կարգավորումներից բացի, պետությունը պետք է նաև քաղաքացիության դադարեցման նույնքան պարզեցված մեծանիզմեր մշակի։ Վստահ է, որ դա ևս կօգնի ռիսկերը կառավարելու հարցում։

«Երբ, օրինակ՝ անձը հընթացս խախտում է իր պարտավորությունները, օրինակ՝ ներդրում է անում, հետո փորձում է այդ ներդրումները դուրս բերել երկրից, դադարեցնել բիզնես գործունեությունը, նա չպետք է շարունակի մնալ ՀՀ քաղաքացի։ Եթե կարողանան օրենսդրորեն այս բալանսը ապահովել նախագծի հեղինակները, կարծում եմ խնդիրներ չեն լինի»,-ասում է Քոչարյանը։

Գործող կարգավորումներով պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանում են նաև բացառիկ ծառայություններ մատուցած անձինք, օրինակ օրինակ՝ ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։ Ոստիկանության տվյալներով՝ բացառիկ ծառայությունների  համար քաղաքացիություն ստացածների թիվը 2021-ին 9 է եղել, իսկ 2022-ի առաջին կիսամյակին միայն՝ 14-ը։

Կարդացեք նաև

Back to top button