
Ինքնակամ շինությունների հաշվառման ընթացքում Արմավիրի մարզի 97 բնակավայրերում 9 ամսվա ընթացքում հայտնաբերվել է 33 անօրինական կառույց։ Պատկերն առայժմ ամբողջական չէ, քանի որ գործընթացը դեռ շարունակվում է: Գյուղերի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը 2025թ հունվարի 1-ն է: Նախորդ տարվա ընթացքում չհաշվառված շինությունները ենթակա են քանդման: Դրանց մեջ նաև գյուղնշանակության հողերերի ոռոգման նպատակով 2021-ին կառուցված ջրամբարներն են:
Տարեսկզբին ինքնակամ կառույցների հաշվառման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններից հետո կառավարությունը սահմանեց ինքնակամ շինությունների և կիսակառույցների հաշվառման կարգն ու ժամանակացույցը: Այդպիսի շինություններ կան մարզի գրեթե բոլոր համայնքներում: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ հունվարից մինչև սեպտեմբեր հայտնաբերվել է 33 ինքնակամ կառույց.
«Արմավիր համայնքում՝ 2, Վաղարշապատում՝ 1, Մեծամորում՝ 7, Խոյում՝ 3, Բաղրամյանում՝ 9 ինքնակամ կառույցներ: Ես կարծում եմ այս փոքր թվերը կապված են վարչարարության հետ: Հնարավոր է նաև, որ գոյություն ունեն չհայտնաբերված շինություններ: Եթե պատկերը մնար այսպիսին, շատ ավելի լավ կլիներ»:

Ներկայացված թվերը հնարավոր է աճեն, քանի որ մարզի 97 բնակավայրերում սեփականատերերը սովորույթի ուժով և առանց թույլտվության ընդլայնում են բնակելի տները, հողամասերում կառուցում օժանդակ տնտեսություններ կամ արտադրական շինություններ՝ հետագայում օրինականացնելու հույսով: Ինքնակամ կառույցների հաշվառման համար կան հստակ ժամկետներ:
«Արդեն անցել է 9 ամիս, բայց հաշվառման մասին մենք տվյալներ չունենք: Իմ կարծիքով՝ մինչև ժամկետի ավարտը չի մոտենում՝ հաշվառումը նորմալ չեն իրականացնում: Հետո խնդիրներ կառաջանան, ասենք՝ 5, 7, 10 տարի առաջ կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու դեպքում, քանի որ դրանք օրենքով սահմանված կարգով հաշվառված չեն եղել կադաստրում»:

Արմավիրի մարզի 7 խոշորացված համայնքներում հայտնաբերված 33 ինքնակամ կառույցներից 9-ը Բաղրամյանում են: Ըստ ժամանակացույցի՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 15-ն էր: Այդ ընթացքում չեն հաշվառվել ինքնակամ կառուցված ջրամբարները՝ ասում է Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը։
«Գրեթե բոլոր համայնքներում ունենք ինքնակամ կառույցներ՝ Արտամետում, Շենիկում: Հիմնականում ջրամբարներ են և մի քանի շինություններ, որոնք չեն հասցրել գրանցել կադաստրում: Կառուցողները խոշոր հողատերերն են : Մի քանի ջրամբարներ կան, որոնք կադաստրը չի գրանցելու, քանի որ կառուցվել են 2021թ վերջին»:

Շանթ Առաքելյանն ասում է, որ ջրամբարները կառուցվել են մինչև համայնքների խոշորացումը: Օրենքի համաձայն՝ այդ շինությունները պետք է քանդվեն: Գյուղատնտեսական նշանակության խոշոր հողերը ոռոգելու նպատակով կառուցված ջրամբարների քանդումը խորհելու առիթ է տվել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին.
«Հիմա ունենք այն, ինչ կա: Խնդիրը դարձել է մեր ամենօրյա քննարկման առարկան: Սպասենք, տեսնենք կառավարությունն ինչ կորոշի այս դեպքում»:

Խնդիրը դեռ կքննարկվի, օրենսդրորեն կարգավորվել է նաև ինքնակամ շինությունների քանդումը: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն է մանրամասնում.
«Առաջինը վերաբերվում է հողամասերի սեփականատիրոջ կողմից իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը, այսինքն՝ հողամասի տերն առանց դատարան դիմելու կարող է քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը՝ ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցին է վերաբերվում, որն իրականացվում է բացառապես դատական կարգով»:

Պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ շինությունների քանդման որոշումները կայացնում է համայնքի ղեկավարը: Գյուղական բնակավայրերի վարչական սահմաններում մինչև 2021թ կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը 2025թ հունվարի 1-ն է, իսկ քաղաքային վայրերում՝ մինչև 2024թ հունվարի 1-ը: Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի տեղեկացմամբ՝ գյուղերի բնակիչները դեռ ժամանակ ունեն հաշվառելու ապօրինի կառույցները.
«Կան գյուղնշանակության հողերում կառուցած շինություններ, որոնց թույլատրելի չափը 30քմ-ից ավելի է: Այդ դեպքում պետք է հողի նշանակությունը փոխվի և դառնա գյուղարտադրական նշանակության հող, հետո սկսվի ինքնակամերի օրինականացման գործընթացը: Քաղաքացիներ կան, որ արդեն օրինականացրել են, ովքեր նոր են դիմել՝ հաշվառումն ընթացքի մեջ է, ովքեր դեռ չեն դիմել՝ մինչև 2025թ դեռ ժամանակ ունեն պատշաճ կերպով, օրենքի սահմաններում օրինականացնելու»:

Փարաքարի 9 գյուղական բնակավայրերում ինքնակամ շինությունները հիմնականում իրենց սեփականության տարածքում կառուցված բնակելի տներ կամ օժանդակ կառույցներ են: Հետագա բարդություններից խուսափելու նպատակով Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը հորդորում է համայնքների ղեկավարներին օրենքի մասին իրազեկել բնակչությանն ու ժամկետների սահմաններում իրականացնել անօրինական կառույցների հաշվառումը:




