
Ի՞նչ են որոնում հայկական կայքերում ադրբեջանցի ու թուրք հաքերները։ Այս հարցի պատասխանը պարզ կդառնա շուտով։ Առայժմ տեղեկատվության անվտանգության մասնագետը դժվարանում է ադրբեջանա-թուրքական հարձակման նպատակների մասին խոսել, քանի որ կոնկրետ ուղղվածություն չկա․ անցած գիշերվա ընթացքում կոտրվել են 200-ից ավելի հայկական կայքեր՝ անձնականից մինչև բիզնես ուղղվածության։
44-օրյա պատերազմից հետո գրանցվել է առաջին ամենամեծ հաքերային հարձակումը հայկական կայքերի վրա։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 12-13-ի գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրիի համայնքապետարանի ու Հարավկովկասյան երկաթուղու կայքերը։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ հարձակումը շարունակվել է նաև օրվա ընթացքում։ Ընդ որում՝ հարձակումը իրագործել է թուրքական հաքերային խումբը։
«Տարօրինակ ձևով զուգահեռ մի հաքերային թուրքական թիմ, որը ադրբեջանցիներին է աջակցում, նույնպես հարձակում է իրականացրել այսօր և կոտրել մի հ/կ-ի 3 կայք ։ Հիմա դժվարանում եմ ասել սա զուգադիպություն է, թե պլանավորված մեծ գործողության մի մաս։ Ժամանակը ցույց կտա։ Սակայն ադրբեջանցիները բավականին պասիվ էին վերջին շրջանում և սա արտառոց ակտիվացում է»։
Առայժմ դժվար է հասկանալ ադրբեջանական ու թուրքական հաքերային խմբերի մտադրությունները։ Դեռ պարզ չէ՝ գաղտնի տեղեկատվություն և՞ս գողացել են հայկական կայքերից, թե՞ ոչ։ Զրուցակցիս խոսքով՝ հարձակում է եղել անձնականից մինչև բիզնես ուղղվածության ու Հ/Կ կայքերի վրա։ Փորձագետն առանձնացրեց Գյումրիի համայնքապետարանի կայքի վրա հարձակումը․
«Իրականում հնարավոր է նաև տեղեկատվություն կորզած լինեն, համայնքապետարանին կից կա նաև իրենց էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառություն, որի ուղղությամբ ևս հարվածներ են գրանցվել։ Արտահոսք եղել է, թե ոչ, կարող են ասել հաքերները կամ կայքը տիրություն անողները»։
Գյումրու համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ կայքը այս պահին աշխատում է, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են։
«Առավոտյան էինք հայտնաբերել, որ կայքի հետ խնդիր կա, բայց ժամը 13.00-ի դրությամբ կարողանում էինք մուտք գործել կայք։ Կայքի պատասխանատուն այս պահի դրությամբ դեռ ուսումնասիրում է, տեխնիկական աշխծատանքներ են իրականացնում»։
Թե որքանով են պաշտպանված հայկական կայքերը և ինչքա՞ն շուտ հնարավոր կլինի վերկանգնել դրանք, ընդհանուր պատասխան տալ հնարավոր չէ։ Դա , ըստ փորձագետի, պայմանավորված է նրանով, թե որ ընկերությունը որքան արդյունավետ է պաշտպանել իր կայքը։
Սամվել Մարտիրոսյանը հիշեցնում է, որ բավականին մեծ հաքերային հարձակում էր արձանագրվել 44-օրյա պատերազմի օրերին․
«Պատերազմի օրերին այնպիսի հարձակում է եղել, որ կարելի է ամիսներով պատմել։ Բոլոր գերատեսչություններից գաղտնի տեղեկատվություն են տարել ու հետո ինտերնետում շարել»։
Մարտիրոսյանն ասում է, որ ժամանակը ցույց կտա՝ սա ծրագրված հաքերային մեծ հարձակման մի մա՞ս է, թե՞ պարզապես վնաս տալու մտադրություն։ Մինչ այդ պետք է արձանագրել նաև, որ վեջին օրերին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներով և կեղծ լուրեր տարածում, թե իբր ՌԴ խաղաղապահ ուժերը մոտ օրերս դուրս են գալու Արցախից։ Դա, ըստ Արցախի հանրապետության ԱԱԾ հայտարարության, արվում է բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։




