
ՀՀ ԱԳՆ մամուլի գրասեյակից հայտնում են, որ Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ: Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվել են ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր են փոխանակվել Միջին Արևելքում ընթացող զարգացումների շուրջ: 
Էդվարդ Նալբանդյանի և Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Այս առումով կարևորվեց Ամմանում ՀՀ դեսպանի հավատարմագրումը և ՀՀ պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները: Նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացման համար:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ: Սիրիայի արտգործնախարարը ներկայացրել է երկրում վերջին զարգացումները և մոտեցումները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող բախումների և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման և բոլոր սիրիացիների շահերն հաշվի առնող քաղաքական երկխոսության:




