
Հոկտեմբերի 12-ից 14–ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մի շարք կարևոր հանդիպումներ են նախատեսվում։ Այստեղ տեղի է ունենալու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման 6-րդ համաժողովը, ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Միրզոյան- Բայրամով- Լավրով եռակողմ հանդիպումն առաջինն է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
Աստանայում հոկտեմբերի 13-ին նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում ուկրաինական խնդրում միջնորդի դերակատարում ստանձնելու թուրքական ջանքերը հնարավոր է ձախողվեն՝ կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան երկակի խաղ է խաղում՝ մի կողմից ՄԱԿ-ում հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի անեքսիայի ենթարկված տարածքները, մյուս կողմից՝ համագործակցության քայլեր անելով։
«Ստեղծված իրավիճակում Թուրքիան մտավախություն ունի, որ իր առաքելությունը կարող է ձախողվել հնարավոր միջուկային զենքի կիրառման պայմաններում, և ինքը կարող է դառնալ լուսանցքային ակտոր հատկապես, եթե հաշվի առնենք, որ ուկրաինական խնդրի հետ կապված Թուրքիայի դիրքավորումը նաև Արևմուտքի մոտ բավական բարձրացրել է այդ երկրի կշիռը»։
Թուրքիայի կշիռը բարձր է նաև Ռուսաստանի համար՝ ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նա կարծում է, որ, այնուամենայնիվ, Մոսկվան հույս ունի Անկարայի միջնորդությամբ բանակցություններ սկսել Կիևի հետ, բայց Ուկրաինան, ըստ քաղաքագետի, կհրաժարվի բանակցություներից, քանի որ հաջողում է մարտական գործողություններում։
«Մենք տեսանք, թե մասնակի զորահավաքը ինչպիսի լոգիստիկ ու հոգեբանական խնդիրներ առաջացրեց ։ Նախ՝ հասարակությունը պատրաստ չէ պատերազմի գնալու։ Երբ հասարակությանը հարց են տալիս իր մասնակցության մասին, նա չի հասկանում , թե ինչու պետք է գնա, ում կողմից է ագրեսիան իր երկրի նկատմամբ։ Մի շարք այսպիսի խնդիրներ բերել, հասցրել են կառավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը մի դիլեմայի առաջ, որ եթե հատուկ միջոցներ չկիրառվեն, պատերազմը պարտության կգնա»։
Աստանայում քննարկումների առանցքում կլինի նաև Հարավկովկասյան տարածաշրջանը, առավել ևս, որ Մոսկվայի միջնորդությամբ նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Միրզոյանի, Բայրամովի ու Լավրովի եռակողմ հանդիպումը։ Այն առաջինն է Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, որոնցից մեկով որոշվեց ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ։ Այս նախաձեռնությանն արդեն արձագանքել է պաշտոնական Մոսկվան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է Բրյուսելին հայ-ադրբեջանական կարգավորմանն ամեն գնով միջամտելու փորձերի մեջ։ Արա Պողոսյանի կարծիքով՝ Զախարայի հայտարարության մեջ խանդի տարրեր կան։ Նույն կարծիքին է նաև քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
«Մենք տեսնում ենք, որ Արցախյան խնդրի վերախաղարկումը ԵՄ –ի կողմից Մոսկվային ևս մեկ անգամ կանգնեցրել է ռազմավարական երկընտրանքի առաջ ։ Փորձում է հետ գրավել իր տիրույթները, ինչն ,իմ գնահատմամբ, այս փուլում անհնար է, քանի որ բոլոր հնարավորությունները կորսված են»։
Աստանայի հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարում է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը։ Նշում է, որ դրանք լրացնում են ադրբեջանական կողմի նախկինում ներկայացրած հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան Երևանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի հիմքը։ Քաղաքագետ Արա Պողոսյանն Աստանայի հանդիպումից մեծ սպասելիքներ չունի։
«Այս հարցում գերտերությունների միջև չկա կոնսենսուս, դրա մասին վկայում են արձագանքները։ Եվ քանի որ չկա կոնսենսուս, ռուսական կողմից փորձ է արվելու խնդիրը երկարաձգել, ինչը նաեւ բխում է ՀՀ ռազմավարական շահերից։ Քանի որ խնդրի շուտափույթ լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բավարարվեն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը»։
Քաղաքագետը կարծում է, որ Աստանայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։




