
Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված կամ գերեվարված զինծառայողների խնդրով նոր դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պահանջում են հրատապ միջոցի կիրառմամբ պարտադրել Բաքվին վերադարձնել իր վերահսկողության տարածքներում զոհված զինծառայողների մարմինները։
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Հստակ տվյալներ, թե նրանց որ մասն է զոհված, որ մասն անհետ կորած, առայժմ չկան։ 303 անձի գտնվելու վայր էլ անհայտ է 44-օրյա պատերազմի հետևանքով։
19-ամյա ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ճակատագիրն արդեն շուրջ մեկ ամիս անորոշ է։ Վահեին ու ոչ միայն նրան Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո հարազատները դեռ փնտրում են։ Վերջին զանգը սեպտեմբերի 15-ին է եղել՝ ասում է Վահեի հայրը՝ պնդելով, թե որդին անտառներում է, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողափրկարարական աշխատանքներ կատարել։
«Զանգել է Կապանից՝ Հանդի մոտակայքից։ Մարդիկ ուզում են տարածք մտնել, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս։ Հրամանատարությունը զբաղվում է, ես իրենց կողքն եմ եղել, որ զանգել են։ ՊՆ-ն ասում է, որ ադրբեջանական թույլ չի տալիս»։
Անհետ կորած զինծառայողների տվյալները հավաքվում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեում։ Գրանցում, ճշգրտվում են այն անձանց տվյալները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով կարող էին գերեվարվել՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին․
«Գործընթացը շարունակական է, կողմերի հետ մենք կապի մեջ ենք։ Ինչպես գերեվարված անձանց, այս դեպքում ևս մենք ընտանիքների հետ կապի մեջ ենք ու որևէ հաստատում ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնենք հենց ընտանիքներին»։
Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է անգամ Հայաստանի, բայց իր վերահսկողության տակ հայտնված տարածքներից հայ զինծառայողների մարմինները դուրս բերելուն, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաստատեց նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։
«Իսկապես մենք գիտենք, թե որտեղ ու քանի մարմին ունենք մեր ընկերների։ Դա մեր ամենացավոտ տեղն է, քանի որ հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին։ Մեր փորձերը դուրս բերելու մեր զոհված ընկերների աճյունները հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ազդեցության»։
Իրավական ի՞նչ մեխանիզմով է հնարավոր Ադրբեջանին ստիպել թույլ տալ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծում է, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդասիրական ու մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է։

«Մեզ համար ամենամատչելի մեխանիզմը դա Եվրոպական դատարանի միջոցով հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումն է՝ պահանջելով, որպեսզի Ադրբեջանը թույլ տա՝ դիերը վերադարձնել։ Դա կարգավորվում է ոչ միայն մարդու իրավունքների հայեցակարգով, այլ նաև հումանիտար իրավունքով»։
Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը նման պահանջով դիմել են ՄԻԵԴ։ Հայկական կողմը Եվրոպական դատարանից պահանջում է հրատապ միջոցի մեխանիզմով պարտադրել Ադրբեջանին վերադարձնել իր վերահսկողության տակ անցած տարածքներից հայ զինծառայողների մի մասի մարմինները։ Առայժմ պատասխան չեն ստացել։
Ավելի վաղ հայկական կողմի դիմումով ու ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմինը։ Պետրոսյանը 2014 թ. օգոստոսի 7-ին վառելափայտ հավաքելիս սխալմամբ հատել էր սահմանը, հասել ադրբեջանական Աղբուլաղ գյուղ, Ադրբեջանի ռազմական ուժերը ձերբակալել էին նրան: Պետորսյանը խոշտանգվել էր Բաքվի բանտում։
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: 17 ռազմագերի օրերս վերադարձավ Հայաստան։ Պաշտոնական տվյալներով՝ 303 անձի գտնվելու վայր էլ անհայտ է 44-օրյա պատերազմի հետևանքով։




