
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2014 թվականը առողջապահության նախարարությունը հռչակել է առողջ ապրելակերպի տարի: Ծրագրի մեկնարկը օրեր առաջ նախարար Դերենիկ Դումանյանը տվել է Աղվերանում: Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով նախագահի նախընտրական ծրագիրը: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ իրենց նպատակն է կրթական ծրագրերի և օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հասարակության շրջանում առողջ ապրելակերպով ապրելու մշակույթ ձևավորելը:
2014 թվականից առողջապահության նախարարությունը կիրականացնի առողջ սնուցման ծրագիրը, որի վերաբերյալ նախարարությունը օրենսդրական երկու նախաձեռնություն է մշակել և ներկայացրել օրենսդիրին:
ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունվել է երեխային կրծքով սնուցմանը խրախուսելու օրենքը։ Ցորենն ու ալյուրն էլ վիտամիններով հարստացնելու օրինագիծն էլ, ըստ առողջապահության նախարարություն աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի մինչև տարեվերջ հավանաբար կքննարկվի կառավարության կողմից:
Ալկոհոլի չարաշահման, ծխախոտամոլության դեմ պայքարի օրինագծերը նույնպես մշակված են։ Սուրեն Քրմոյանը նշեց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է արգելել ծխախոտի գովազդը: Առողջապահության նախարարի հանձնարարականով հաջորդ տարվանից կմեկնարկի հասարակական վայրերում ծխելն արգելելու ծրագիրը: «Մենք ունենք բավականաչափ լավ օրենք, այդուհանդերձ՝ օրենքի կիրառման հետ կապված խնդիր կա։ Մասնավորապես՝ մեր մոտ հասարակական վայրերում շատ են ծխում, մեր մոտ երեխաները և ծխողի ընտանիքի անդամները պաշտպանված չեն երկրորդային ծխի ազդեցությունից»,- ասում է։
Աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ` պայքար կծավալվի ալկոհոլի օգտագործման չարաշահման դեմ, կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Իսկ ֆիզիկական ակտիվությունը, որի պակասը նկատվում է մեր հասարակության շրջանում, բերում է բազմաթիվ հիվանդությունների: Նախարարության կողմից կմշակվեն ծրագրեր մարդկանց ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում կնվազի ոլորտին բնորոշ հիվանդությունների քանակը: Ծրագրերի իրականացման համար առողջապահության նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և մի շարք միջազգային կառույցների հետ:




