Տնտեսական

Ըստ Բոստանջյանի՝ 2013- ը լավագույնը չէր Հայաստանի համար

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 2013 թվականը Հայաստանի համար չէի ասի, թե լավագույնն էր, այսօր հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով`կառավարության քայլերը տարբեր ոլորտներում չընկալվեցին միանշանակ ու տարբեր հարցեր առաջացրեցին։

Խոսելով, մասնավորապես, գազի սակագնի մասին՝ Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ այստեղ ունեցանք խոցելիություն, արտագաղթը ցցուն դրսեւորվեց, ԵՄ-ի հետ Ասոցացման ուղղությունը կտրուկ փոխվեց, բյուջեն մինիմալ ու սովորական բյուջե է եւ պետության համար նոր խնդիրներ լուծելու ջանք իր մեջ չի պարունակում եւ այդ ամենը հասկանալի է, որ պետության համար լավ զարգացումներ չեն: «Եվ այս կտրվածքով 2013 թվականը ես չեմ կարողանում բնութագրել որպես դրական զարգացումների տարի»:

Արձագանքելով դիտարկմանը, որ Վարդան Բոստանջյանը նախկինում ավելի դրական սպասումներով է գնահատել վարչապետի կաբինետի գործունեությունը, եւ արդյո՞ք այսօր կարելի է ասել, թե բոլոր հույսերը մարել են։ Բոստանջյանը, նախ, ասաց, թե չէր ցանկանա մասնավորեցներ խնդիրը, առավել եւս, որ վարչապետից ավելի բարձր տեղեր կան: «Դուք ասեք: Ուզում եք, որ ե՞ս ասեմ: Ասում եմ, որ կառավարումը լավ չէ մեր երկրում»:

Ինչ վերաբերում է նախկին գնահատականներին, ապա, ըստ տնտեսագետի, տնտեսությունը այնպիսի օրգանիզմ է, որի զարգացումը պայմանավորված է մի շարք այլ գործոններով։ Օրինակ` երեք տարի շարժվում էինք ԵՄ ուղղությամբ, բայց դա փոխվեց եւ դրանով պայմանավորված էլ շատ այլ բաներ փոխվեցին: «Մասնավորապես՝ գազի սպառման առումով, առանց այդ էլ` մի կերպ էինք կարողանում վճարել, պարզվեց, որ Հայաստանը կուտակել է սարսափելի մի պարտք: Հայաստան ասելով` հասկանում ենք իր բնակիչներով: Այսինքն` քաղաքացիները, որ ունեին որոշակի դժվարություններ, պարզվում է, որ դրանք ավելի մեծ դժվարություններ էին, քան մենք ինքներս ուզում էինք էս պահին նկարագրել կամ հասկանալ»,- ասում է։

Վարդան Բոստանջյանը ՄՄ-ում հանգրվանելը Հայաստանի պարագայում համարում է դրական` տարբեր առումներով: Կարծում է, որ Հայաստանը չունի մեծ հնարավորություններ` այլընտրանքի ընտրության առումով եւ 200 տարի այդպես է եղել: Բախումները տեղի են ունենում ուժեղ կենտրոնների միջեւ եւ դրանց արդյունքում Հայաստանը հայտնվել է այնտեղ, որտեղ հայտնվել է: Սակայն, Բոստանջյանի ձեւակերպմամբ, դա պայմանավորված է նրանով, որ  կառավարումը լինի բարձր որակով: Այնպես, ինչպես հիմա է շարունակվում, ըստ տնտեսագետի, բնականաբար որեւէ առաջընթաց էլ չի գրանցվի, իսկ այդ պարագայում հասարակության մեջ կարող են առաջանալ խնդիրներ` փոխեք պահանջով: Քաղաքացուն մի բան է հետաքրքրում` որքան է կարողանում լավ ապրել, որքան է պաշտպանված։

Back to top button