
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Քաղաքացիական հասարակությունը, դրա զարգացումն ու բնապահպանական նախաձեռնությունները գիտական վերլուծության նյութ են դարձել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի դոկտոր Արմինե Իշխանյանի համար: Նա ծավալուն զեկույց է հրապարակել, որը ներկայացնում է եռամյա հետազոտության արդյունքները: Զեկույցն անդրադառնում է հարցերին, թե ինչի են ձգտում բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները, ինչի են հասել, ինչ ազդեցություն ունեն և ինչ մարտահրեավերների առջև են կանգնած:
Քաղաքացիական նախաձեռնություններն ըստ թիրախային խնդիրների դիտարկելու դեպքում ընդհանուր շրջանը համարյա հավասար երեք մասի է բաժանվում՝ նախաձեռնությունների 34 տոկոսը թիրախավորել է բնապահպանական խնդիրները, ճիշտ նույնքան մյուս հարվածը՝ մշակութային պահպանությունը , 33 տոկոսը՝ մարդու իրավունքները:Այս բաժանումը տրվում է հետազոտության մեջ, որը քննարկում է Հայաստանում վերջին տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության զարգացումն ու այդե համատեքստում հատկապես բնապահպանական նախաձենությունների գործունեությունը:
Բնապահպան ակտիվիստներն ասում են, որ առաջին անգամ է փորձ արվում այս ամենը դիտարկել գիտական տեսանկյունից: Խոսքը Արմինե Իշխանյանի հետազոտության մասին է, նա Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի սոցիալական քաղաքականության բաժնի դասախոս է։
Հետազոտության հեղինակը բնապահպանական շարժումը երկու փուլի է բաժանում՝ 88-ի շարժմամբ սկսված, ապա անկում ապրած և 2007-ից կրկին թափ հավաքած շարժում: Վերլուծելով այս դիտարկումը՝ բնապահպան ակտիվիստներից Հրայր Սավզյանը կարծիք է հայտնում, որ բնապահպանական նախաձեռնություններն այսօր որակական փոփոխությունների փուլում են: «Հավակնում եմ մտածել, որ քաղաքացիական ակտիվիզմը հիմա երրորդ փուլի շեմին են, որովհետև որակական փոփոխություններ են կրում: Օրինակ՝ վերջին տարվա ընթացքում բարձրացվեցին հիմնականում սոցիալ- տնտեսական հարցեր՝ օրինակ՝ գազի գին, տրանսպորտի սակագին, պարտադիր կենսաթոշակային վճարներ, այս թեմաները քաղաքացիական նախաձեռնությունները նախկինում չեն շոշափել»:
Մյուս փոփոխությունը, որ նկատում է ակտիվիստը, նախաձեռնությունների ներսում այսօր կատարվող փոփոխություններն են. փոխվել է խնդիրները դիտարկելու տեսանկյունն ու խորությունը, ասում է։ «Թեղուտի նախաձեռնության օրինակը կարող եմ բերել. 2007-2008-ին մենք մտածում էինք միայն անտառը փրկելու մասին, այսօր շատ ավելի խորությամբ ենք հասկանում սոցիալան, տնտեսական, քաղաքական խնդրիների ամբողջ համակարգը, որոնք բերել են Թեղուտի հիմնախնդրին: Հասկանում ենք, որ միայն բնապահպանական դիմադրությամբ հնարավոր չէ այս խնդիրը լուծել»:
Ի դեպ՝ հետազոտության մեջ կա նաև քաղաքացիական այն նախաձեռնությունների ցանկը, որոնք ձևավորվել են 2007-2013թթ. : Դրանց մեջ նաև բնապահպանների փոքրիկ հաղթանակներն են՝ Թռչկան, Մաշտոցի պուրակ, նաև հետծննդյան ու նախածննդյան նպաստի մասին օրենքում փոփոխություններ:
Հրայրը մի միտում էլ արձանագրում. բնապահպանակն շարժումը սկսել է քաղաքականանալ։ Եթե առաջ նախաձեռնություններում մաքուր բնապահպաններն էին, այժմ նրանց շարքերում կարելի է լիբերալներ, ձախեր, ազգայնականներ առանձնացնել։ «Լավ է այն իմաստով, որ գաղափարական, գիտակցական հասունացում է տեղի ունենում, ակտիվիստները փորձ են ձեռքբերում, ավելի սթափ ու ամբողջական են իրավիճակը գնահատում, բայց մյուս կողմից՝ հեռանում են բնապահպանական ակտիվիզմից»:
Վերադառնալով զեկույցին՝ նշենք, որ հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանում ավելի խիստ բնապահպանական կառավարման, ավելի մեծ հաշվետվողականության և որոշումների կայացման ընթացքում հանրային ավելի գործուն մասնակցության կարիք կա։




