Հասարակություն

«Հեքիաթային տնակը» հյուրընկալել է երեխաներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այսօր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ երեխաների համար կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցել են 4-12 տարեկան այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը: «Հեքիաթային տնակում» մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝ երեխաների կողմից սպասված նվերներով: 

ԴԱՀԿ-ն այսօր կազմակերպել էր տոն այն երեխաների համար, ովքեր ապրում են ոչ լիարժեք ընտանիքներում: Արդեն ավանդական դարձած միջոցառումը կազմակերպվել էր  «Հեքիաթային տնակում», որը Հարկադիր ծառայությունը ստեղծել է հատուկ երեխաների տեսակցության համար: Մանուկներին եկել էին ուրախացնելու հեքիաթների հերոսները, այնուհետև՝ «Հեքիաթային տնակ»- ի հյուրերին ծառայությունը հանձնեց ամանորյա նվերներ: 

ԴԱՀԿ ծառայության շենքի անմիջական հարևանությամբ դրսից ու ներսից հեքիաթ հիշեցնող տնակն ունի շատ գործնական նպատակներ: Այստեղ ԴԱՀԿ օգնությամբ կազմակերպվում են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում: Նշենք, որ կատարողական վարույթները տարեց տարի շատանում են:

Միայն 2013 թվականի վիճակագրության համաձայն` ընթացք է տրվել 1163 կատարողական վարույթի, որից 1051-ն ալիմենտի բռնագանձման, 103-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 9-ը` երեխաների հանձնման վարույթներ են: Սակայն չմոռանանք, որ վիճակագրական այս թվերի ետևում իրականում մանկական արցունքներ են և ընտանեկան խորը խնդիրներ:

Back to top button