
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Գործընկերություն հանուն բաց հասարակության հիմնադրամի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի մասին հետազոտություններ են կատարվել, արդյունքը հրապարակվել է զեկույցով, ըստ որի՝ դատապարտյալներին դրդում են մոլախաղերի ու այլ անօրինությունների, որոնց մասին դատապարտյալները չեն խոսում անգամ ազատ արձակվելուց հետո:
Քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալներն ապրում են անմարդկային պայմաններում ու ազատ արձակվելուց հետո անգամ գաղտնի պահում այնտեղ կատարվածը: Քրեակատարողական հիմնարկներում գործող ներքին օրենքները խիստ գաղտնի են պահվում և դիտորդական խումբը մանրամասներ է ճշտել նախկին դատապարտյալներից։
Դիտորդդական խումբը 10 տարի է ինչ հետևում է քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակին, սակայն մինչ այժմ նշվել են քրեակատարողական հիմնարկներում ընդամենը դատապարտյալների պահման պայմանների, բուժծառայության, սննդի հետ կապված հարցեր, մինչդեռ պատկերը շատ ավելի տխուր է: «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք» վերնագրված զեկույցում պատմվում են մանրամասներ, թե ինչպես են ճնշումներ գործադրվում: Եվ դրա դեմ պայքարելու համար նախ պետք է բարձրաձայնել խնդրի մասին։ Բացի դա՝ կամք ու ցանկություն է պետք իշխանությունների կողմից պատկերը փոքր- ինչ փոխելու համար, ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Անգամ նոր կառուցվող հիմնարկներում գործում են հին բարքեր և նոր շենքային պայմանները հարցը չեն լուծի, ընդգծում է իրավապաշտպանը՝ կարևորելով խնդրին խորքային լուծում տալու իշխանությունների ցանկությունը։




