ԿարևորՔաղաքական

Գազը դարձավ խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ամենաբուռն քննարկման թեման

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարության նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով խորհրդարանն այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրել: Նիստի մեկնարկին պատգամավորները որոշել  են աշխատել առանց ընդմիջման՝ արտահերթն այսօր ավարտելու նպատակադրումով:  Օրակարգում հիմնականը հայ-ռուսական միջկառավարական համաձայանագրերն են՝ գազի գնի, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Փաստաթղթերը խորհրդարանում բավականին բուռն են քննարկվել: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարց է ուղղել մոտ երեք տասնյակ պատգամավոր, մոտ 20 պատգամավոր էլ հերթագրվել է ելույթների համար:  Քննարկումն առանց ընդմիջման ընթացել է ավելի քան 6 ժամ ու քվեարկությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 23- ը ժամը 12- ը։

Խորհրդարանական տարվա ամենավերջին քննարկումը թերևս ամենաթեժը, ու ինչպես պատգամավորներն արձանագրեցին, ամենադժվարն էր, ամբողջ նստաշրջանի ընթացքում: Գազի գնի ու «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի թեման, որ նստաշրջանի ընթացքում հիմնականում քննարկվել էր կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի շրջանակներում, փաստաթղթերի տեսքով  այսօր հասել էր  խորհրդարան: Կառավարությունն ԱԺ վավերացմանն է ներկայացրել 3 համաձայանգիր։

Առաջինը քննարկվեց «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքին վերաբերողը, «որով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը 63 մլրդ 339 մլն 900 հազար դրամ արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին»»,- հայտնեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ համաձայնագիրը գազի բնագավառում կնպաստի Հայաստանի ու Ռուսաատանի երկարատև փոխշահավետ համագործակցությանը։

Փոխշահավետության  մասին ԱԺ ոչ կոալիոցիոն  ուժերը տրամագծորեն հակառակ կարծիքի էին. մտահոգություններն ավելի շատ էին։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, օրինակ,  ուզում էր հասկանալ. իսկ եթե Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ապա ինչպե՞ս է Հայաստանը փորձելու  կանխել սա։

«Համաձայնագրում պարզ ներկայացված է՝ ով իրավունք ունի բաժանետոմսերը գնել. դրանք միայն իրենց փոխկապակցված ընկերություններն են, որոնք կարող են ձեռք բերել ոչ ավելի, քան՝ բաժնետոմսերի 43%-ը։ Բացի դրանից՝ առանց հայկական կողմի համաձայնության՝ իրավունք չունեն բաժնետոմսերը վաճառելու»։ Նախարարը փորձեց փարատել նաև մյուս հիմնական մտահոգությունը։ Այլ երկրից ավելի էժան գազ ներկրելու տարբերակի  դեպքում  հահամաձայնագիրը սահմանափակումներ  չի դնում։

Մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որը մեզնից գաղտնի եք պահել, իր նախկին գործընկերոջը համարյա նախատեց ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հիշեցնելով, որ 300 մլն դոլար պարտքի կուտակման փաստին խորհրդարանը տեղյակ չի եղել։

ՀՅԴ- ից Արմեն Ռուստամյանը Ռուսատանի հետ ռազմավարական գործընկերության կողմնակիցներից է, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը պաշտպանողներից, բայց համաձայնագիրը չի պաշտպանում։ «Կտրականապես դեմ եմ  այս համաձայնագրին, որովհետև այն հայ ժողովրդի շահերից չբխող է: Ուրախ եմ, որ իշխանության ճամբարից էլ դժգոհողներ կան, բայց վստահ եմ, որ ամենաճչացող խախտումների դեպքում էլ մեզ  թույլ չեն տա այս համաձայնագրում մեկ տող անգամ փոխել»։

Մտահգություններով, բայց համաձայնագիրը պաշտպանում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Դավիթ Հարությունյանին, օրինակ, գործարքի իրավական նրբություններն են հետաքրքրում,  փաստաթղթին ընդհանուր առմամբ կողմ է:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի ասելիքն ավելի շատ ուղղված էր  ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցված քննադատությանը: Իսկ որակումների պակաս այդ քննադատության մեջ չկար՝ կապիտուլիացիայից մինչև դեկտեմբերի 20-ը օրացույցում որպես սև օր ամրագրելը։ «Իմ հարգարժան գորընկերները խոսում են կապիտուլյացիայից, ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին գազ ենք ստանում: Սա՞ է լավ, թե՞ այն, որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք և 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է»։

Խմբակցությունների եզրափակիչ ելույթներն  ուրվագծեցին  քվեարկության արդեն ավանդական դարձած  պատկերը. ոչ իշխանական ուժերը դեմ են, իշխանականները ՝ կողմ: ԲՀԿ-ն, սակայն, դեմ լինելով չի մասնակցի քվեարկությանը։

 

Back to top button