
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Կյանքի 55 տարիներից 33-ը հայ օպերային արվեստի հռչակավոր բասը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը բեմում է: Հոբելյանական տարեթվերը կնշանավորվեն դեկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք մեծ հանդիսությամբ, որտեղ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի դիրիժորական փայտիկի ներքո օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցների կատարմամբ հանդես կգա ինքը՝ մեծանուն երգիչը: Ծննդյան յուրաքանչյուր տոն, այն էլ հոբելյանական տարեթիվ, առիթ է հանրագումարի բերելու արածն ու չարածը: Բարսեղ Թումանյանը հոբելյանը դիմավորում է հույսով, որ անելու է ավելին, քան՝ հասցրել է անել մինչ այժմ: Ավելին՝ նա համոզված է, որ կյանքում դեռ ոչինչ չի հասցրել անել։
Հայ դասական արվեստն ու ոլորտի գործիչներին մեծարելու և ևս մեկ անգամ հանրահռչակելու առաքելությանը հավատարիմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկը դեկտեմբերի 23-ին արդեն կներկայացնի համերգ՝ նվիրված դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին: Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ հանսդես կգա ակադեմիական երգչախումբը, օպերային արվեստի անվանի կատարողներ: Ծրագիրն ամբողջությամբ կընդգրկի Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունները: 85-ամյա մաեստրոն խոստովանում է՝ հուզվում է, ինչպես յուրաքանչյուր համերգից առաջ։
Այսօր պիտի մեկնարկեր Հայ կոմպոզիտորաան արվեստի փառատոնը՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին, սակայն փառատոնի մեկնարկը կտրվի հունվա րի 23-ին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասում է, որ փառատոնն արդեն հետաքրքիր պատմություն ունի, բայց 2014-ին փառատոնի ծրագիրն առավել հագեցած կլինի։ «Մեր մշակութային կյանքում փառատոնի դերը կարևորելով՝ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը ամեն կերպ կաջակցի փառատոնին»,-այսօր հայտարարեց միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանը: Վերջինը կարևորում է հատկապես փառատոնի ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների ընտրությունը, քանի որ, ինչպես ասում է, ժամանակակից ճիշտ երաժշտություն մատուցելը չափազանց կարևոր խնդիր է:
Նրա պնդմամբ՝ կոմպոզիտորական դաշտում այսօր լուրջ ներուժ ունենք, բազմաթիվ երիտասարդներ միջազգային մրցույթներում զբաղեցնում են լավագույն հորիզոնականները, մինչդեռ Հայաստանում նրանց չեն ճանաչում: Կոմպոզիտորների միության նորընտիր նախագահն ասում է, որ դաշտում հսկայական գործ կա անելու, բայց կոմպոզիտորներին հարթակ տրամադրելն ու ներկայանալու հնարավորություն ստեղծելն իր գերխնդիրն է։
Հավելենք, որ երիտասարդական նվագախմբի և կոմպոզիտորների միության համագործակցության արդյունքում առաջիկա օրերին կյանքի կկոչվի առցանց ռադիոկայան, որի եթերում կներկայացվեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։




