
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2013 թ-ի գյուղատնտեսական տարին բարեհաջող էր անգամ մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից հետո: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հիշում է՝ ոլորտում է 45 տարի ու 90-ականներից հետո նման առատ ու բարեհաջող գյուղատնտեսական տարի Հայաստանը չի ունեցել: Նախանշված բոլոր միջոցառումները դրական արդյունք են արձանագրել, չնայած որ՝ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը բացառապես բնության քմահաճույքներից է կախված:
Սամվել Գալստյանն այսօր հայտարարեց, որ յուղնախարարի 2011թ գ հրամանից հետո տարին երկու անգամ՝ աշնանն ու գարնանը գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաները նախապես կազմված ժամանակցույցով գյուղ են այցելել։ Արդյունքում՝ «2010թ մինչ օրս նվազման տենդենցը կագն է առել և 283,6 հազար հա-ից 2013թ օգտագործվող տարածքները կազմել են 318,8 հազար հա, շուրջ 35 հազար հա-ով ավելացել է մշակվող տարածքները»:
Այս գյուղատնտեսական տարում նախորդի համեմատ ունենք բոլոր գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների շոշափելի աճ։ 2013- ին ոչ միայն գյուղմթերքի արտադրության ծավալներն են աճել, այլ նաև՝ արտահանման: 2012թ բացառիկ առատությամբ աչքի ընկավ հատկապես դեղձը, այս տարի դեղձը միակ միրգն է, որի ծավալները նվազել են: Այս տարվա մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, այդուհանդերձ, իր հետքը թողեց գյուղացիական տնտեսությունների վրա։
Փոխնախարարն այսօր նկատեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում է, որ մարզում նախորդ տարվա համեմատ չորս հազար տոննա ավելի ծիրան է արտադրվել: Այստեղ խնդիրը ապրանքային տեսքի՝ որակի մեջ էր։ «Սա իր հերթին որոշակի պրոբլեմ բերեց, վերամշակող ձեռնարկությունները կարողացան կանգնել գործին մոտ և նախորդ տարվա 8800տ մթերված ծիրանի փոխարեն այս տարի մթերվել է շուրջ 13 հազար տոննա»։
Լոլիկի ու կարտոֆիլի ցեցն այդուհանդերձ չշրջանցեց հայրենի գյուղատնտեսությանը: Արարատից ու Արմավիրից բացի՝ ցեցը ներխուժեց նաև Կոտայքի վարչական տարածք: Գյուղատնետսության փոխնախարարը խոստացավ՝ շարունակելու են պայքարի համալիր միջոցառումներ իրականացնել:
Կառավարությունը հաջորդ տարի էլ կշարունակի գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք ու պարարտանյութ տրամադրել: 2014-ից առաջին անգամ նաև ամոնիակային սելիտրայից բացի գյուղացիներին մատչելի գնով ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութ կտրամադրվի։




