ԿարևորՀասարակություն

Վերադարձ Լուսին՝ 50 տարի անց․ NASA-ն սկսում է «Արտեմիս» ծրագիրը

1969-ին  հուլիսի 20-ին մեկնարկեց «Ապոլլոն 11» տիեզերանավի թռիչքը, որն առաջին անգամ Լուսնի վրա իջեցրեց երկրաբնակներին։  Վերջին անգամ մարդկությունը Լուսնի վրա ոտք դրեց 1972-ին՝ «Ապոլլոն 17» առաքելությամբ։ Շուրջ 50 տարի անց NASA-ն Լուսին վերադառնալու «Արտեմիս» անունով ծրագիր է մշակել։ Հունական դիցաբանության մեջ Արտեմիսը Ապոլլոնի երկվորյակ քույրն է։ Դեպի Լուսին ուղևորությունների դադարեցման պատճառները գիտական կամ տեխնոլոգիական չէին․ հիմանական խնդիրը աստղաբաշխական գումարների բացակայությունն էր։ NASA-ի հաշվարկներով՝ գործակալությունը մինչև 2025 թվականը 93 միլիարդ դոլար կծախսի Artemis ծրագրի վրա:

50 տարի անց Լուսին վերադարձի մեկնարկը կտրվի Artemis-1 առաքելությամբ։ Մեկնարկի առաջին փորձին մի քանի օր է մնացել։ Թռիչքը անձնակազմով չի լինելու, փորձարկվելու են NASA-ի՝ երբևէ ստեղծած ամենահզոր, գերծանր հրթիռը` SLS (Space Launch System)-ը, և Օրիոն տիեզերանավը՝ «Արտեմիս 1» կոչվող առաքելությամբ։

Առաքելության տևողությունը 42 օր է, որից 14-ը կծախսվի մեկնելու վրա, 19-ը՝ Օրիոնը կանցկացնի Լուսնի ուղեծրում, ևս19 օր կծախսվի վերադարձի վրա։ Ռետրոգրադային ուղեծրում տիեզերանավը պտտվելու է Լուսնի շուրջը նրա պտույտին հակառակ ուղղությամբ։ «Արտելիս 1» առաքելության մեկնարկը նախատեսված է Քենեդու անվան տիեզերական կենտրոնից, որտեղից 53 տարի առաջ կատարվել է առաջին լուսնային թռիչքը։  Orion-ը տասնյակ օրեր տիեզերքում անցկացնելուց հետո կվերադառնա Երկիր։ NASA-ի տնօրեն Բիլ Նելսոն․

«Մինչև ապահով չլինի, մենք թռիչքի դուրս չենք բերի տիեզերագնացներին։ Եթե դա ենթադրի հետաձգում, մենք կհետաձգենք»։

Բիլ Նելոսնը

Ծրագրով նախատեսված են բազմաթիվ փորձարկումներ ու ուսումնասիրություններ։ Դրանցից մեկն աստղագնացների վրա թռիչքի ընթացքում ռադիացիայի ազդեցությանն է վերաբերում։ Այս առաքելության բեռն իր ուսերին է վերցնելու թռիչքի մասնակից մանեկենը՝ հրամանատար Moonikin Campos-ը։ Մանեկենը հատուկ պաշտպանիչ հագուստով՝ սկաֆանդրով է լինելու՝ նախատեսված Օրիոն տիեզերանավի համար։ Նրա շուրջ գործելու են ռադիացիոն սենսորներ և այլ չափումների համար նախատեսված գործիքներ։ Campos-ին ուղեկցելու են եվրոպացի երկու մանեկենները՝ Zohar-ը ու Helga-ն, որոնցից մեկը զինված կլինի սկաֆանդրով, մյուսը՝ ոչ։ Բիլ Նելսոն․

«Մենք հետ ենք գնում Լուսին, բայց այս անգամ սովորելու, մնալու համար, նաև նոր համակարգեր, նոր տեխնոլոգիաներ և տեխնիկա զարգացնելու համար։ Հասկանալու համար՝ ինչպես երկար ժամանակ ապրել այդ միջավայրում, որովհետև երբ Մարս գնանք, մեզ պետք են այդ գիտելիքները»։

Բիլ Նելսոնը

Եթե առաքելությունը հաջող ընթանա, ապա  թե՛ տիեզերանավը, թե՛ հրթիռը, կսերտիֆիկացվեն արդեն մարդ տեղափոխելու համար։ Այդպիսով հիմքեր կստեղծվեն հաջորդ ֆանտաստիկ առաքելության`«Արտեմիս 2֊ի» համար, որի ժամանակ 2024 թ Օրիոնի ներսում մանեկենների փոխարեն մարդիկ կլինեն։ NASA-ի «Արտեմիս 3» ծրագրով նախատեսվում է կազմակերպել մարդկանց վերադարձը Լուսին, այդ թվում՝ առաջին կնոջ վայրէջքը։ Թեկնածուներից մեկը տիեզերագնաց Քեյլա Բերընն է։

«Ինձ համար ամենակարևորը ոգեշնչումն ու հետազոտությունն է։ Կարծում եմ՝ բոլորիս փոխում է այն, որ մենք կարող ենք անել այն, ինչը նախորդ սերունդների համար անպատկերացնելի էր»։

Այդ շրջանում կկառուցվի նաև լուսնային կայանը՝ Gateway-ը։ Այսինքն` Միջազգային տիեզերական կայանի պես կառույց, որը կպտտվի Լուսնի շուրջը։ Եթե սա էլ հաջողվի, ապա 2025-26 թթ կտեսնենք, թե ինչպես է մարդկությունը կրկին ոտք դնում Լուսնի մակերևույթին։ Այստեղ արդեն  ասելիք կունենա նաև Իլոն Մասկի Starship-ը։ Խոսքն Artemis-3 առաքելության մասին է, որի շրջանակում նախատեսվում է 2025-2026 թթ օդաչուավոր թռիչք կատարել դեպի Լուսին։ Իլոն Մասկ

«Մենք ընտրության առջև ենք կանգնել` ի՞նչ ապագա ենք ուզում՝ աստղերի միջով ճանապարհորդելո՞ւ, թե՞ Երկրին ընդմիշտ կապված լինելու: Ես ընտրում եմ առաջինը՝ գալակտիկաների հետախուզումը, և հույս ունեմ դուք ևս միանում եք իմ ընտրությանը»:

Տիեզերանավի վայրէջքի  համար NASA-ն առանձնացրել է 13 վայր, որոնք բոլորն էլ Լուսնի հարավային բևեռամերձ շրջաններում են։ Ընտրության հարցում հաշվի են առնվել SLS հրթիռի, Orion տիեզերանավի և Starship հրթիռատիեզերանավի տեխնիկական հնարավորությունները, տեղանքի լուսավորությունը և Երկրի հետ կապի ապահովման հեշտությունը: NASA-ի մասնագետների կարծիքով՝ նշված վայրերին մոտ գտնվող որոշ խառնարաններ, որոնց պատերը կամ հատակը երբեք արև չեն տեսել, կարող են սառույցներ պարունակել, որոնց ներսում թաքցնված են Լուսնի կազմավորման շատ հարցերի պատասխաններ։ 

Back to top button