ԿարևորՀասարակություն

Միջազգային խաղաղապահնե՞ր, թե՞ հումանիտար ուժեր՝ ինչ է պետք Արցախին․ խնդիրները հնչել են Փարիզի սրտից

Արտերկրում հայ համայնքը ներկայացնող մի շարք կառույցներ ու կազմակերպություններ կազմակերպում են ակցիաներ՝ խնդրելով եւ ակնկալելով միջազգային խաղաղապահ ուժերի աջակցությունը հայկական տարածքների պահպանման հարցում։ Նման մի ցույց անցկացվել է Փարիզում։ Հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանը պետք է նոր դաշնակից փնտրի։ «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյան այն համոզմանն է, որ ռուսական ուժերը բավարար չեն Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Հայաստանյան քաղաքագիտական որոշ շրջանակներում, սակայն, այլ դիտարկումներ կան, մասնավորապես, որ ռուսական կողմը չի հանդուրժի որևէ երկրի զինված ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։

Հայաստանի խնդիրները՝ Փարիզի սրտից  ու Փարիզի սրտում․ մեր հայրենիքի մի քանի նշխարների կորստի հարցն է բարձրացվում, ապա գրավոր ձեւակերպված՝ նամակներով հանձնվում ֆրանսիական իշխանություններին ու միջազգային որոշ կազմակերպությունների։ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու Գերմանիայից հայերը հավաքվել են՝ միասնաբար ձայն բարձրացնելու՝ հայրենիքում ծանր խնդիրներ կան, հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման մերօրյա դառը փաստեր։  

Եվրոպայում հայկական մի շարք կազմակերպություններ ակցիաների միջոցով եվրոպական կառույցներից ակցիաներով խնդրում են ու ակնկալում օգնություն հայկական տարածքների պահպանման հարցում։ Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ միջազգային խաղաղապահների ներգրավվածությունը հայկական տարածքների պահպանման գործում անհրաժեշտ է ու հրատապ։ Թե ինչ պայմանագրերով ու ինչ մանդատով պետք է նրանք տեղակայվեն Արցախի տարածքում՝ դեռ պետք է քննարկվի՝ ասում է, բայց փաստ է համարում, որ հայկական կողմն ինքնուրույն հարցը լուծել չի կարողանում, իսկ ռուսական ուժերը բավարար չեն դրա համար։ Իսկ այս ակցիաները նաեւ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու եւ նրանց իրավիճակի մասին ճշգրիտ պատկեր փոխանցելու նպատակ ունեն։

«Դրա համար մեր ամեն մի քայլը լեգիտիմ է ու ընդունելի։ Ամենակարևորը հայրենի հող չկորցնելն է։ Պայմանագրեր, իհարկե, չունենք կամ բավարար չեն, սակայն մինչև երեխան չի լացում, մայրը նրան կաթ չի տալիս։ Այս սկզբունքով են փորձում գտնել նոր դաշնակիցների, որոնք կարող են այս դժվարին պահին մեզ օգնել պահպանելու մեր հայրենի տարածքները»։

Ըստ Օրդուխանյանի՝ պատերազմի ընթացքում արևմտյան ու սկանդինավյան երկրներից հնչեցին առաջարկներ՝ իրենց խաղաղապահներին տեղակայել հայկական տարածքներում։ Սակայն դրան համարժեք պատասխաններ չեղան հայկական կողմից՝ ասում է։

«ՄԱԿ–ի խաղաղապահները կամ մյուս ռազմական կառույցների խաղաղապահները աշխարհի բազմաթիվ տեղերում կանգնած են և համագործակցում են այդ ժողովուրդների հետ։ Ներկա իրավիճակը բավարար չէ, և փնտրելու ենք նոր ուղիներ։ Ինչ կբերի դա՝ չեմ կարող գուշակել, բայց ներկա վիճակը ողբերգական է, և մենք գործելու ենք շատ ակտիվ»։

Դեռ անցյալ մայիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկեց երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկել էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Փաշինյանը դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ էր համարել, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին։

«Մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է,  Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի ուշ պաշտոնական Երեւանից հնչող հայտարարությունների մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր, որ ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ։

«Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»:

Այն, որ Հայաստանը պետք է նոր դաշնակից փնտրի, ավելի շատ ցանկություն է համարում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նախ Ռուսաստանը չի կարող հանդուրժել այլ երկրներից զինված ուժերի ներկայություն ԼՂ–ում, երկրորդ՝ աշխարհում շատ քիչ կան երկրներ, որոնք պատրաստակամություն կհայտնեն խաղաղապահ զորախումբ ուղարկել Արցախ։ Իսկ սկանդինավյան խաղաղապահների՝ հայկական տարածքներում տեղակայման վերաբերյալ զրուցակիցս նշեց, որ շվեդական մամուլում հետաքննություն է եղել, որով գաղտնազերծել են երկրի ԱԳ նախարարության որոշ փաստաթղթղեր։ Ըստ դրա՝ 2020–ի նոյեմբերի սկզբին ամերիկյան կողմը փորձել է նույն շվեդական կողմի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը, սակայն Շվեդիայի կառավարությունն առանձապես հակված չի եղել դրան։

«Այս փուլում իրատեսական  այլըտրանքներ գոյություն չունեն։ Հայաստանի իշխանությունները պետք է այս փուլում շեշտը դնեն Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների և միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության վրա, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը Արցախում»։

Ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում չգնահատել չի կարելի՝ ասում է քաղաքագետ զրուցակիցս։ Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ նրանց ներկայությունն Արցախում զսպող գործոն է, եւ հենց խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում փոքր էսկալացիաները չեն վերածվում մեծ պատերազմի։

Back to top button