
Երևանի կենդանաբանական այգու 2 նոր բնակիչներն են՝ պսակակիր կռունկները, որոնց մասնավոր անձը նվիրաբերել է Այգուն:
Ինչպես հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց, կռունկների ընտանիքին պատկանող այս թռչունները Կարմիր գրքում գրանցված են որպես վտանգված տեսակ:
Տարածված են Աֆրիկայում: Նրանց մարմնի բարձրությունը 90-104 սմ է: Հիմնականում սնվում են բուսական ծագման կերերով: Բազմացման ընթացքում դնում են 2-3 ձու, որոնց վրա նստում են 28-30 օր: Ծնողները հավասարապես հոգ են տանում ձվերի մասին:
Ձագերը ծնվելուց անմիջապես հետո ծնողների հետ մասնակցում են կերի հայթայթման ընթացքին:
Պսակակիր կռունկներն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ: Նրանց հեշտ է ճանաչել գլխի ոսկեգույն «թագի» շնորհիվ:




