ԿարևորՀասարակություն

Փողոցային առևտրի խորամանկ կողմերը․ օրենքը կփոխեն, որ դրսից վարակ չգնենք

Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն։ Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ որոշել է կարգավորել բացօթյա առևտրի ոլորտը՝ բնակչության առողջության պահպանման, ռիսկի գործոնների և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով։

Երևանում բացօթյա առևտրի տասնամյակների խնդիրը փորձելու են լուծել նոր կարգավորումներով։ Տեղական ինքնակառավարման մարմիններին կլիազորվի չսահմանված տեղերում և օրենքի պահանջների խախտմամբ առևտրի կամ ծառայություն մատուցելու դեպքում ոչ միայն տուգանել, այլև կիրառել լրացուցիչ վարչական տույժ՝ բռնագրավել վաճառվող ապրանքը կամ ծառայությունների մատուցման առարկաները՝ ասում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Երևանն ու բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր են կիրառվում ու վարչական ակտեր, խնդիրը մնում է չկարգավորված։ Քաղաքապետարանն առաջարկում է ոչ միայն վարչական տուգանք կիրառել, այլև այն ապրանքները , որոնք կհայտնաբերվեն, աշխատակիցներն իրավունք կունենան դրանք առգրավել, որից հետո իրավական գործընթաց սկսել։ Այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի կամ տեղերը, որոնք դրա համար նախատեսված չեն»։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով՝ սննդամթերք, ոչ պարենային ապրանքներ, գյուղատնտեսական արտադրանք կարող են վաճառվել միայն համապատասխան վայրերում՝ ֆինանսների նախարարությանը ծանուցելով և այլ պահանջներ պահպանելով։ Օրենքով նախատեսվում է, որ բացօթյա կարող են վաճառվել միայն ծաղիկ, տնկիներ, ամանորյա եղևնի-սոճիներ, պաղպաղակ, ջուր, հյութեր և զովացուցիչ ըմպելիքներ։ Սակայն այսօր փողոցներում կարելի է հանդիպել ամեն ինչի վաճառքի՝ սկսած քաղցր բամբակից՝ ասում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Փողոցներում շատ ենք հանդիպում քաղցր բամբակների պատրաստման։ Երբ անհասկանալի գազի բալոններով տեղում պատրաստում են քաղցր բամբակներ»։

Առևտրի խառնաշփոթն ամենուր է և ամեն օր՝ չնայած տեղական ինքնակառավարման մարմինների բազմակի տուգանքներին։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ միայն օրենքը փոխելով կկարողանան խնդրին վերջնական լուծում տալ։ Ներկայիս գործիքակազմը բավարար չէ, չի ազդում։ Քաղաքապատարանի կանխարգելիչ միջոցառումները շատ են,  բայց շատ դեպքերում էլ այդ տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից։ 90 տոկոս դեպքերում առևտրականներն իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են ճանաչվում։

«Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամեն ինչը նորից կրկնվում է, և վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ այդ հարցը կկարողանանք ամբողջությամբ լուծել»։ 

Այս առումով նախ պետք է մտածել քաղաքացիների անվտանգության մասին։ Բացօթյա առևտրի վտանգավորության աստիճանը ցածր չէ հատկապես համավարակի պայմաններում։ Պետք է մի բան անել, որ աղետը չգա, ու նոր սկսենք մտածել՝ թեմայի վերաբերյալ ասում է վարչապետը։

«Կենդանիների ապօրինի վաճառքի ու շրջանառության հետևանքով համաճարակ կբռնկվի, ու կգանք էլի կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ կհարգենք զոհերի հիշատակը ու կասենք՝ բա այսքան ժամանակ պետությունը չէ՞ր մտածում, որ կարա սենց խնդիր լինի»։

Փողոցային առևտուրը վտանգավոր է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման առումով՝ փաստում են նաև մասնագետները։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային  կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանի խոսքով՝ բազմաթիվ հարուցիչներ կան, որոնց մեծ մասը շրջակա միջավայրում արդեն շատ տարածված են։ Բավական է ավելանա նաև բարձր ջերմաստիճանը, և բացօթյա առևտուրը «երաշխավորում է» աղիքային վարակները։

«Պետք է նշել, որ փողոցային առևտրի դեպքում սննդամթերքի պատրաստումը կամ ուղղակի առևտուրը վտանգավոր է նաև ոչ միայն վարակիչ հիվանդությունների առումով։ Փողոցներում կարող են այլ աղտոտումներ տեղի ունենալ, ինչը հանգեցնի սննդային գործոնով պայմանավորված թունավորումների»։

Բժշկի հորդորն է հատկապես զգույշ լինել կաթնամթերք, ձու, կրեմային հրուշակեղեն, ձուկ, մսամթերք գնելիս։ Փողոցներում պատրաստվող մթերքին ձեռք մեկնել չարժե․ չկան ոչ պահման, ոչ էլ պատրաստողների անձնական հիգիենայի պայմաններ։  

«Սա էլ երկրորդ տարբերակն է, երբ սննդամթերքը կարող է աղտոտված չլինել, ու վաճառողները կարող են երկրորդային աղտոտման ենթարկել այդ նույն սննդամթերքը, և գործընթացը նույն կերպ լինի՝ բազմանան հարուցիչները և, հետևաբար, հանգեցնեն, որ վարակիչ հիվանդությունները տարածվեն»։

Մասնագետի հորդորն է ընդհանրապես հրաժարվել բացօթյա առևտրից։ Հատկապես այս սեզոնին վարակիչ հիվանդություններից խուսափելու համար առաջին հերթին հարկ է հետևել անձնական հիգիենային, կերակուր պատրաստելիս մթերքները լվանալ հոսող ջրի տակ ու ենթարկել երկար ջերմային մշակման։

Back to top button