ԿարևորՀասարակություն

Հանրության մեջ ինչ-որ բան խախտված է․ հոգեբանը՝ համացանցում այլոց նկարները «բացել-փռելու» մասին

Ժամանակակից աշխարհում անձնական տվյալները պաշտպանելը  կարծես դատապարտվել  է ձախողման։ Որոնողական համակարգերը, սոցցանցերը և մյուս տեխնոլոգիաներն արդեն իսկ մեր տվյալներն ունեն՝ մեր պատկերացրածից թերեւս ավելի շատ։ Իսկ անձնական տվյալների պաշտպանության  իրավունքի  ամբողջ էությունը անձնական տվյալները բարեխիղճ օգտագործելն է։ Սակայն անձնական տվյալների պաշտպանության խնդիրների մենք բախվում ենք ամեն օր, երբ հրապարակվում են երեխաների լուսանկարները՝ առանց նրանց ծնողների համաձայնության, երբ հրապարակվում են հայ ռազմագերիների ֆոտոները՝ առանց հաշվի առնելու նրանց հետագա կյանքի վրա դրա հնարավոր հետեւանքները։

Լայքահավաք մոլո՞ւցք՝ դժվար է ասել։ Համացանցը  ողողված է Սուրմալու տոնավաճառում պայթունից զոհված փոքրիկ Մարատի լուսանկարներով։ Մարդիկ համատարած իրենց համացանցային էջերում տարածում  են փոքրիկի  նկարն  ու ափսոսանքի նշաններ դնում, ափսոսանքի գրառումներ անում։

Առաջին հայացքից սա հանրության կարեկցանքն է ու ցավակցությունն արտահայտելու միջոց։ Ու նման դրսեւորումները մեր հասարակությունում կարծես օրինաչափ են դարձել։ Բայց այստեղ ոչ մի դեպքում հաշվի չի առնվում, որ  գործ ունենք խիստ զգայուն անձնական տվյալների հետ,  ու այլոց լուսանկարները տարածելով կոպտորեն խախտվում է մարդկանց անձնական տվյալները չտարածելու նորմը։

Մարդիկ, առանց հաշվի առնելու այլոց անձնական տարածք ու տիրույթ հասկացությունները, ներխուժում են ուրիշի կյանք ու այնտեղ սկսում ապրել, գործել։  Կլինիկական հոգեբան Մարիամ Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ նման երևույթը ոչ այնքան հոգեբանական խնդիր է, որքան այն պրոբլեմը, որ հանրության մի ստվար զանգված  պարզապես այդ սահմանն անցել է։

«Շատ հաճախ աշխատում են լայքերի ու տարբեր լսարանների վրա։ Եվ մարքետինգի տեսանկյունից դիտում հավաքելու տեսանկյունից շատ ավելի է  դիտվում։ Ու ավելի մեծ աղմուկ է բարձրացվում։ Կա ինչ-որ մի բան, որ հանրության մեջ խախտված է, ու սահմանն արդեն  անցել է։  Շատ կարևոր է  թե մարդը ինչի համար է դա անում, որովհետև մոտիվացիան է դրդում  ցանկացած գործողության,  ու մեծ մասն այդ սահմանն անցում են  ու ներքին կուլտուրան խախտում»,–ասում է Մարիամ Գրիգորյանը։

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը զերծ է մնում տվյալ դեպքին գնահատական տալուց, բայց նշում է՝ առհասարակ մարդու պատկերը, տվյալները անձնական են և համացանցում հայտնվելով՝ մնում են այնտեղ հավերժ, իսկ դրա հետեւանքով կորչում են դրանց նկատմամբ վերահսկողության հնարավորությունները, և  իրենց կամքից անկախ՝ տասը-քսան տարի անց էլ կյանքի այդ դրվագը մնում է հասանելի:

«Անձնական տվյալների պաշտպանության  իրավունքի  ամբողջ էությունն անձնական տվյալների բարեխիղճ օգտագործելու  մասին է, ոչ թե  չօգտագործելու։  Այսպիսի դեպքերը ունեն հանրային նշանակություն և լուսաբանման ենթակա  են։ Բայց  արդեն գալիս է համաչափության սկզբունքը, որը ընկնում է լրագրողների ու ԶԼՄ–ների վրա։  Համաչափության  սկզբուքն այն է,որ եթե ունես  լուսաբանման նպատակ,  ապա այն տվյալները, որ հրապարակում ես, պիտի լինեն պիտանի ու անհրաժեշտ  սահմանված  նպատակին հասնելու համար»,–ասում է Գևորգ Հայրապետյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն տարածման պայմաններում անձնական  տվյալների պաշտպանությունն  այսօր  չափազանց լուրջ խնդիր է դարձել, և համացանցում գրեթե անվերահսկելի վիճակ է ստեղծվում։   

Տեղեկատվական անվտանգության շուրջ քննարկումներում ամենահաճախ հանդիպող դիտարկումն այն է, որ ժամանակակից աշխարհում անձնական տվյալները պաշտպանելու փորձերն արդեն դատապարտված են ձախողման, քանի որ որոնողական համակարգերը, սոցցանցերը և մյուս տեխնոլոգիաներն արդեն մեր տվյալներն ունեն՝ մեր պատկերացրածից ավելի։

Անձնական տվյալները համացանցում  համատարած բացել-փռելու խնդիրը շատ հաճախ սկսվում է հենց լրատվամիջոցներից։ Մասնագետների խոսքով՝  էթիկայի կանոնների պահպանումը պետք է սկսվի հենց այստեղից։ Սենսացիայից, օպերատիվությունից բացի՝ գոյություն ունեն մարդկային ճակատագրեր, և պետք է ամեն ինչ անել, որ դրանք չվնասեն:

Կարդացեք նաև

Back to top button