ԿարևորՀասարակություն

Վրաստանում հայերենը պահպանելու առաջին քայլը

Վրաստանում հայերենը պահպանելու առաջին քայլն արվել է․ Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունների միջև ստորագրված հուշագրի համաձայն Վրաստանի հայկական դպրոցների հայոց լեզվի և գրականության հարյուրավոր ուսուցիչներ մասնակցել են ատեստավորման քննություններին։

Սա նշանակում է՝ Վրաստանում դասավանդող հայ ուսուցիչները ևս կկարողանան տարակարգ ստանալ՝ այդպիսով պետական մակարդակով հայերենը հավասարեցնելով մյուս առարկաներին։

Այս տարի առաջին անգամ Վրաստանում «Հայոց լեզու և գրականություն» առարկա դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել կարգավիճակը բարձրացնելու քննություններին:

Հայաստանի և Վրաստանի կրթական ոլորտի պատասխանատուների միջև բանակցությունների արդյունքում վերջերս կազմվեցին հարցաշարերը՝ «Վրաց լեզու և գրականություն» առարկայի հարցաշարերի սկզբունքով։

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում բարձր դասարաններին «Հայոց լեզու և գրականություն» դասավարդող ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան), որ տարիներ շարունակ բարձրաձայնում էր խնդիրը՝ ասում է՝ գոհ է, որ հուշագիրն իրականություն դարձավ․ հայոց լեզվի հարցերը, ըստ նրա, մատչելի էին՝ դպրոցական ծրագրին հարմար, գրականության հարցերը, սակայն, ծրագրի շրջանակներում չէին․  

«Մեզ խոստացել էին, որ նյութերը ծրագրային են լինելու, սակայն այստեղ խախտում կար։ Սա դժվարություն էր հատկապես տարրականի ուսուցիչների համար։ Առաջարկս այն է, որ ինչպես Վրաստանում, առաջինից 6-րդ դասարանների ուսուցիչները չպետք է 7-ից 12-րդ դասարանների ծրագրով քննություն հանձնեն»։

Լյուդմիլա Նալբանդյանը նկատում է, որ սա առաջին փորձն էր, թեստերը կարող են վերամշակվել, կարևորն այսօր մայրենիի փրկության համար իրենց սկսած պայքարն արդյունք տվեց.

«Վրաստանում հայերենը պահպանելու առաջին քայլն է, որովհետև այլևս ոչ ոք չէր մտածում ուսումը շարունակել լեզվագրական ուղղությամբ, իսկ այդպես մեր լեզուն կկորչեր օտար երկրում»։

Մառնեուլիի շրջանի Խոժոռնի գյուղի դպրոցի տնօրեն, նույն դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» դասավանդող Ռիմա Ղարիբյանն էլ ասում է․ «Վրաց լեզու և գրականություն» առարկայի հարցաշարերի սկզբունքով կազմված հայկական հարցաշարերը խոսում են այն մասին, որ էթնիկ փոքրամասնությունները ևս պետականորեն հավասար իրավունքներ ունեն.

«Հպարտանում եմ, որ Վրաստանում մեր ուսուցիչները կարողանում մայրենին այդքան լավ պահել, իսկ մեր կառավարությունն օգնում է այդ հարցում՝ ստանալ որակավորում։ Դա գնահատելի է»։ 

Այսպիսով, առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել քննություններին և բարձրացնել կարգավիճակը:

Կրթական բարեփոխումների շրջանակում Վրաստանում գրեթե բոլոր առարկաների ուսուցիչներն ատեստավորման հանրավորություն են ստանում։ Կարգավիճակ (ավագ, առաջատար և մենթոր) ստանալով, զգալիորեն բարձրանում է նաև նրանց աշխատավարձերը։ Ուսուցչի մասնագիտությանը Վրաստանում վերջին շրջանում մեծ ուշադրությունը է դարձվում, նրանց աշխատավարձը որոշ դեպքերում հասնում է 2000 լարիի՝ մոտ 300 հազար դրամի։

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությանը գրանցված հայկական դպրոցների շուրջ 470 ուսուցիչները սպասում են առաջիկա օրերին ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալուն։

Վրաստանի ողջ տարածքում գործում է 129 հայկական դպրոց, դրանցից 114-ն ամբողջովին հայկական է, մյուսները մասնաճյուղեր։ 

Back to top button