
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Քանդակագործներ Հայկ Թոքմաջյանը եւ Տիգրան Հարությունյանը վերջերս են վերադարձել Թուրքիայից, որտեղ մասնակցել Հումորի միջազգային քանդակագործական սիմպոզիումին: Ներկայացնելով իրեցն քանդակները` այն է «Աբու Հասանի մաշիկները» և «Ձուկ»- ը` հայ քանդակագործները վերադարձել են պատվոգրերով և հետաքրքիր տպավորություններով։
Հայաստանը ներկայացնող քանդակագործներ Հայկ Թոքմաջյանն ու Տիգրան Հարությունյանը հոկտեմբերի 15-ին Անթալիայում մեկնարկած Հումորի միջազգային քանդակագործական սիմպոզիումից վերադարձել են բարձր տրամադրությամբ և մեծ հաջողություններով: Սիմպոզիումը, որն ունեցել է 20 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, շարունակվել է 1 ամիս: Քանդակագործական սիմպոզիուների ինչպես Հայկ Թոքմաջյանը, այնպես էլ Տիգրան Հարությունյանը մեկ անգամ չէ, որ մասնակցել են: Տվյալ սիմպոզիումի առանձնահատկությունն այն էր, որ քանդակագործները ստեղծագործելու էին բացառապես հումորային թեմատիկայով և մի երկրում, որտեղ հումորը պետք է ընկալելի լիներ նաև այդ երկրի ժողովրդի համար:
Հումորը հաջողվել է և այսօր արդեն հայ քանդակագործները իրենց աշխատանքների մասին պատմում են շատ ավելի մեծ ոգևորությամբ։ Նրանք իրենց աշխատանքներով արժանացել են Անթալիայի քաղաքապետի հատուկ մրցանակին, ինչը շատ կարևոր էր հատկապես ազգությամբ հայերի համար, ասում է Հայկ Թոքմաջյանը։
Ոգևորությունն իսկապես մեծ է քանդակագործների մոտ, բայց այդ ոգևորությունն էլ ավելի մեծ կլիներ, եթե իրենց աշխատանքները գնահատվեին ոչ միայն դրսում, այլև սեփական հայրենիքում: Ինչ որ քայլեր, իհարկե, արվում են մեր երկրում ևս քանդակագործությունը զարգացնելու համար, ասաց Հայկ Թոքմաջյանը, բայց դրանք այնքան չնչին քայլեր են, որ որևէ տեղաշարժ չի նկատվում, հավելեց։




