ԿարևորՏնտեսական

Ճանապարհ դեպի մեծ աշխարհ․ հայկական արտադրանքը՝ ԱՄՆ շուկայում

Հայ գործարարներն իրենց արտադրանքը ԱՄՆ շուկա հասցնելու նոր հնարավորություն կստանան։ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը սկսել է դեկտեմբերին Գլենդելում կայանալիք հայ-ամերիկյան բիզնես փառատոնի նախապատրաստական աշխատանքները։ Ի՞նչ հնարավորություն կտեղվծի հայ արտադրողի համար ԱՄՆ շուկայում հետաքրքրություն առաջացնելուց հետո, և ի՞նչ պայմանների պետք է համապատասխանի ընկերությունը՝ այս փառատոնին մասնակցելու համար։

Դեկտեմբերին հայկական ընկերություններն իրենց արտադրանքը Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում ցուցադրելու հանարավորություն կունենան։ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը հայ-ամերիկյան երկրոդ բիզնես փառատոնն է նախապատրաստում։ Ամփոփում են նախորդ՝ մայիսին կայացած միջոցառումը ու հայտնում՝ արդյունքներից գոհ են։ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյան․

«Բըրբանք քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցավ մեկօրյա ցուցահանդես՝ հայկական ընկերությունների մասնակցությամբ։ Հայաստանից ժամանել էր 38 ընկերություն, և նրանք հնարավորություն ունեցան հանրությանը, համայնքին, Սփյուռքին ու օտարերկրյա մատակարար կազմակերպություններին ներկայացնել Հայաստանի ներուժը՝ արտահանման, տուրիզմի, ծառայությունների մատուցման։ 10-օրյա միջոցառումները հարթակ ստեղծեցին ու նոր կապեր տվեցին ժամանած ընկերություններին, որոնք արտահանման պայմանագրեր կնքեցին»։

Պատմում է՝ քաղցրավենիք, գինի, պահածոներ, չրեր արտադրող 10 ընկերություն արդեն պայմանագիր է կնքել և սեպտեմբերից իր արտադրանքը կուղարկի ԱՄՆ։ Այս և ամերիկյան շուկա մուտք գործող մյուս ընկերությունները կներկայացվեն նաև «Armenian Trade show» էլեկտրոնային հարթակում։

«Կայքը սեպտեմբերից կգործարկվի։ Այն ընկերությունները, որոնք այդ հավելվածում ներգրավվածություն կունենան և տեղ կգտնեն, նրանց արտադրանքը կարտահանվի Միացյալ Նահանգներ, տեղ կգտնի Միացյալ Նահանգների պահեստային ֆոնդում ու վաճառքի դեպքում արտահանումը կկազմակերպվի Միացյալ Նահանգներից։ Այս կայքը մեծաքանակ վաճառքի համար է նախատեսված, խոշոր մատակարար ընկերությունները կայքի միջոցով են իրականանցել իրենց գնումները։ Սա հայ արտադրողի համար ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ Միացյալ Նահանգների բոլոր նահանգներում ներկայացվելու հնարավորություն է»,- ասում է Մանուկյանը։

Այս հնարավորությունը ավելի շատ հայ արտադրողների տալու և հայկական արտադրանքը ավելի մեծ՝ ամերիկյան շուկա հասցնելու նպատակով են սկսել դեկտեմբերին կայանալիք փառատոնի նախապատրաստական աշխատանքները։  «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդ»-ի գլխավոր քարտուղար Գևորգ Աղաբալյանը նշում է՝ սա համավարակից հետո հայ համայնքում իրականացվող ամենամասշտաբային միջոցառումն է լինելու։

«Նախատեսել ենք անցկացնել շատ ավելի մեծ ծավալների փառատոն, մասնակիցների քանակը, բովանդակային հատվածը ավելի հագեցված լինի։ Երկկողմ նախագիծ է լինելու․ մի կողմից՝ մենք, մի կողմից՝ Գլենդելի քաղաքապետարանը։ Նախնական նախատեսված է 60 տաղավար, որից 30–ը և ավելին այստեղից են լինելու, մյուս մանսակիցները լինելու են Միացյալ Նահանգներից։ Փառատոնն ացկացվելու է երկու օր, դրանից հետո լինելու են B2B հանդիպումներ, համաժողով։ Հանդիպումներին ներկա են լինելու նաև Միացյալ Նահանգների խոշորագույն ցանցեր, որոնք նաև տեղում հնարավորություն կունենան շփվելու ու ծանոթաներու Հայաստանից եկած պատվիրակությանը, արտադրողներին»։

Ամերիկյան շուկան գրավել հավակնող ընկերությունները արդեն կարող են դիմել ընկերությանը՝ միջոցառմանը մասնակցելու համար։ Կարող են մասնակցել ցանկացած տեսակի արտադրանք առաջարկող մարդիկ, սակայն կան նախապայմաններ, որոնց մասին պատմում է Մարիամ Մանուկյանը․

«Ընկերությունը պետք է առնվազն 3 տարվա աշխատանքային գործունեություն ունենա ՀՀ–ում, ունենա ռեսուրս, գիտենք՝  Եվրոպան, Միացյալ Նահանգները օրենքի շրջանակում աշխատող երկրներ են, և նախապայմանն այնպիսին է, որ ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո պարբերաբար արտահանման շարժը կանգ չառնի»։

Հայկական ընկերությունները պայմանագրեր են կնքելու «Լիվա Էլիտ բիզնես գրուպ»-ի հետ։ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս ընկերությունը կանխում է արտադրանքի իրացման ճանապարհին առաջանացող հավանական խնդիրները։ Օրինակ՝ տարածում են ինֆորմացիան և գովազդային արշավեր կազմակերպում։

«Չիրազեկելով գնորդին՝ նրանք փոշի են դնում իրենց, ասենք, գինիների վրա, և  դրանք չեն վաճառվում։ Հայ արտադրողը դժգոհում է մատակարար կազմակերպություններից, ասում՝ ես տարեկան կես կոնտեիներ ապրանք եմ արտահանում, որը նորմալ վաճառք չի ունենում, ու շուկան լճանում է»,- կարծում է Մարիամ Մանուկյանը։

Խոստանում են՝ հայկական արտադրանքը ԱՄՆ շուկա հասցնել պատրաստվող ընկերություններին կօգնեն ապրանքի իրացման՝ գովազդի տարածման, բրենդի ճիշտ դիրքավորման հարցում։ Իսկ միկրոընկերություններին խոստանում են ամբողջ գործընթացը, ներառյալ՝ ապրանքներն ԱՄՆ տեղափոխելն ու ցուցահանդեսին մասնակցելը, կազմակերպել անվճար։

Back to top button