ԿարևորՀասարակություն

Հրազդանը` 2022 թ. երիտասարդական մայրաքաղաք

Տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր. մասնակցել են նաև արցախյան պատերազմների հերոսների ծնողներն ու հարազատները։

Միջոցառման շրջանակում Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել հրազդանցի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն)։

Ցուցահանդեսին հաջորդել է Հրազդանի դրամատիկական թատրոնում 2022թ թ. «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» հավաստագրի և խորհրդանշական բանալու հանձնման պաշտոնական արարողությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է հրազդանցիներին տոնի առթիվ. «Տարածքային համաչափ զարգացումը ենթադրում է սոցիալական, կրթական, մշակութային ծառայությունների մատչելիություն և հասանելիություն՝ անկախ բնակության վայրից։ Հրազդանցի երիտասարդները ևս պետք է հնարավորություն ունենան ապրելու երիտասարդական բուռն կյանքով։ Ցանկանում եմ, որ այդ առումով Հրազդանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, շարունակի իր գործառույթները ոչ միայն այս, այլև հետագա տարիներին ևս»։

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ իր ելույթում նշել է, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը պարտավորեցնող է, և իրենք պատրաստակամ են աջակցելու երիտասարդներին կառուցողական բոլոր ծրագրերում։

ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Հրազդան քաղաքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:

Տոնական օրը եզրափակվել է համերգային ծրագրով: Միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Back to top button