
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է Մինաս Ավետիսյանի տուն- թանգարան։ Թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, Մինաս Ավետիսյանի կյանքի ուշագրավ դրվագներին և ստեղծագործական գործունեությանը։

Մարզպետը տեղում ծանոթացել է թանգարանում առկա խնդիրներին, որոնք հրատապ լուծում են պահանջում։
Նա, իր խոսքում կարևորելով մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, նշել է, որ գալիք 2023 թվականը Մինաս Ավետիսյանի համար հոբելյանական է` առաջարկելով նախապատրաստվել Մինասին նվիրված մշակութային միջոցառումների։

Թանգարան այցից հետո մարզպետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.
«Շիրակ գալու եւս մեկ պատճառ՝ Մինասի տուն-թանգարանը։ Ջաջուռի գեղատեսիլ ու գողտրիկ հատվածում՝ մշակութային յուրօրինակ անկյուն։

Մինաս Ավետիսյանը իրապես նախորդ դարի հայ գեղանկարչության ամենաինքնատիպ դեմքերից էր: Իր վրձնին բնորոշ՝ համարձակ և զուսպ գունապնակի զուգակցմամբ, մեր բնաշխարհի առանձնահատկությունների նրբաճաշակ արտացոլումները կգտնեք վարպետի կտավներում։ Մինասը բազմահանճար արվեստագետ է, որին կարելի է շարունակ բացահայտել»։






