ԿարևորՀասարակություն

Մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի օրը նշել են Լիսաբոնում

Հուլիսի 20-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հրավերով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցել է հայազգի մեծ բարերարի օրվա ոգեկոչմանը, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել Գյուլբենկյան նվագախումբը։

Միջոցառմանը ներկա են եղել Պորտուգալիայի ներկա և նախկին նախագահները, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մշակույթի ոլորտի, քաղհասարակության ներկայացուցիչներ, հեղինակավոր ու ճանաչված հանրային գործիչներ, լրագրողներ և այլոք։

Երեկոյի ընթացքում ելույթ ունենալով Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան կարևորել է հիմնադրամի դերը գիտության, կրթության, մշակույթի բնագավառները հեղափոխելու և հետազոտության ու նորարարության ոլորտներում նոր հորիզոններ բացելու հարցում։

Ձևավորված ավանդույթի համաձայն Գյուլբենկյանի օրվա առթիվ Լիսաբոնի Ֆաթիմայի Տիրամայր եկեղեցում մատուցվել է Ս․ Պատարագ՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանի մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Սրբազան հայրը և ՀՀ դեսպանը միասին այցելել են Գյուլբենկյան թանգարանում խնամքով պահպանվող 20-րդ դարի խոշորագույն հայ նկարիչ Արշիլ Գորկու գծանկարների ցուցադրությանը։

Back to top button