ԿարևորՀասարակություն

Էլեկտրոնային դատավարություն և առցանց դատական նիստեր․ հաստատվել է դատաիրավական բարեփոխումների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ փաստաթուղթը 2019 թվականին ընդունված ռազմավարության  շարունակությունն է։  Գլխավոր ուղղությունը դատական համակարգի բարեփոխումն է։ Առաջիկա ամիսներին, մասնավորապես, նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկում: Մյուս ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է և էլեկտրոնային արդարադատությունը։ Կառավարության նիստի՝ չզեկուցվող հարցերից մեկով քաղաքացիական դատավարության թվայնացման համար հատկացվել է շուրջ 348 մլն դրամ, որով հնարավոր կլինի դատական քննություն իրականացնել առցանց եղանակով՝ առանց մարդու կամ փաստաբանի դատարան այցելելու:

Կառավարությունը նախատեսում է ստուգել դատական համակարգ մուտք գործող ու արդեն այդ համակարգում աշխատող բոլոր դատավորների բարեվարքությունը, խոստանում է սա իրականություն դարձնել մինչև 2026 թվականը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնում է ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը, իսկ վարչապետը հաստատում է՝ կա քաղաքական որոշում։

Կարեն Անդրեասյան «Այսօր ստուգվում է միայն համակարգ մտնող նոր դատավորների բարեվարքությունը, իսկ ռազմավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որպեսզի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի։ Սա կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն միջոց կդառնա։ Բարեվարքության ստուգում է նախատեսվում դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար ևս»։

Նիկոլ Փաշինյան «Քաղաքական մակարդակում այդ որոշումն արդեն ընդունված է։ Նկատի ունեմ՝ մենք որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեզ վրա ենք կիրառել այդ սկզբունքը և հիմա արդեն կիրառում ենք քաղաքական իշխանության ու իշխանության մյուս մարմինների վրա»։

Դատաիրավական համակարգի վերաբերյալ իր պատկերացումները գործադիրը ներկայացրել է 260 էջանոց փաստաթղթում․ բարեփոխումների փաթեթն է 2022–26 թվականների համար։ Աշխատանքների մի մասը նախատեսված է եղել նաև նախորդ ռազմավարությունում: Արդարադատության նախարարի խոսքով՝ որոշ կարևոր ուղղություններ չեն իրագործվել համաճարակի ու պատերազմի պատճառով: Ծրագրով նախատեսված միջոցառումների մի մասը կգործարկվի առաջիկա ամիսներին։ Առաջինն այդ ցանկում հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումն է: Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է աշխատելու՝ վստահեցնում է Կարեն Անդրեասյանը։

Դատարանների բեռնաթափման հեղափոխական ծրագրով նախատեսվում է մի շարք գործընթացներ  թվայնացնել։ Արդարադատության նախարարը վստահ է՝ Հայաստանում օնլայն դատավարություններ կարող են լինել, օգտագործվում է «Էլեկտրոնային արդարադատություն» ձևակերպումը։

«Այս ուղղությամբ, օրինակ, դատախազության հետ աշխատանքներում արդեն մոտ ենք այն կետին, որ քննիչների և դատախազների ամբողջ աշխատանքը թվայնացվի, և վարույթները միմյանց փոխանցվեն թվային եղանակներով։ Թվայնացնել ասելով նկատի ունենք, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ ներկայացնել, միջնորդություններ և ապացույցներ ներկայացնել։ Գործընթացը ամբողջությամբ կարող է թվայնացվել, օրենսդրական որոշակի լուծումներով կարող են նաև դատական քննություններն անցկացվել օնլայն, այսինքն, առանց մարդու՝ դատարան այցելելու կամ փաստաբանների՝ դատարան այցելելու։ Այս ամբողջ թվայնացման գործընթացը ռազմավարությունում կարևոր ուղղություն է»։

Նույն սկզբունքով փորձ է արվելու բեռնաթափել նոտարական գրասենյակների աշխատանքը, նաև՝ ստեղծել Արբիտրաժային կենտրոն՝ վեճերի այլընտրանքային լուծման համակարգ, որը վերջնակետում որպես անկախ մարմին է դիտարկվում: Այս կետը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարևոր է ներդրողների համար։

 «Ես 2018 թվականից անընդհատ տարբեր ներդրողների հետ քննարկումների ժամանակ, երբ թեման լրջանում է, հանգում եմ կարևոր մի հարցի. աշխարհի շատ երկրներում կա հնարավորություն, որ համաներդրողները, գործընկերներն իրար հետ պայմանագիր են կնքում, ասում են՝ եթե մեր միջև վեճ առաջանա, այն պետք է հանգուցալուծվի արբիտրաժում, ասենք, օրինակ, անգլիական իրավունքի հիման վրա: Մենք բավական երկար այս թեմայի վրա աշխատել ենք և  այս ռազմավարությամբ արձանագրել ենք, որ օրենսդրական, սահմանադրական այդպիսի արգելք չունենք և կարող ենք այդ արբիտրաժային կենտրոնն ստեղծել: Դա նշանակում է՝ կլինի հնարավորություն, որ նրանց միջև վեճ առաջանալու դեպքում հրավիրվեն արբիտրներ, ովքեր տիրապետում են այդ իրավունքին, և վեճը լուծվի այնտեղ»:  

Հավակնոտ ռազմավարությամբ չի բացառվում, որ արբիտրաժային կենտրոնը ապագայում կդառնա տարածաշրջանային։

Դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրերը որքան հավակնոտ են, նույնքան էլ դժգոհությունների ու քննադատության թիրախում են։ Վարչապետի համար ընդունելի են այդ դժգոհությունները, բայց կա հարցի նաև մյուս կողմը՝ ասում է․

 «Տարածված կարծիք կա, և պետք է անկեղծ ասենք, որ մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ հենց դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել։ Ես ինքս էլ արձանագրել եմ բազմիցս, որ մենք, ընդհանուր առմամբ, այդքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից»։

Բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորություն։ Փոփոխություններ  են նախատեսվում նաև դատական ակտերի հարկադիր կատարման, սնանկության ոլորտներում: Գրավոր ընթացակարգով դատավարությունների մոդել է նախատեսվում, որի դեպքում դատարան գնալու անհրաժեշտություն պարզապես չլինի:

Այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ կլինի օրենսդրական ծավալուն փոփոխություններ իրականացնել։

Կարդացեք նաև

Back to top button