ԿարևորՀասարակություն

20 ծնունդ, 31 սպասվող ծնունդ. պատերազմում զոհվածների ընտանիքները համալրվում են

20 ծնունդ, 31 նոր հղիություն. պատերազմում զոհվածների ընտանիքները համալրվում են։ Առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի ցուցանիշերը տարեցտարի բարելավվում են: 2022 թվականին ծրագրում փոփոխություններ են կատարվել, որոնք ընդլայնել են շահառուների շրջանակը: Ծրագրին, մասնավորապես, կարող են դիմել նաև դատական կարգով անհետ կորած ճանաչվածների և 44-օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները:

44-օրյա պատերազմում որդի կորցրած Վարդուհի Գևորգյանը նորից մայրանալու մասին երկար է մտածել։ Երիտասարդ ամուսիններով թեև դժվար են հանգել նորից ծնող դառնալու գաղափարին, բայց այլ ելք չեն տեսել։ Կյանքը շարունակելու միակ բանաձևը նորից փոքրիկի ճիչ լսելն էր՝ ասում է.

«Որոշեցինք, որովհետև տունը շատ է սառել։ Մի տեսակ ուզեցինք մեր մեջ կյանք մտցնել, ուրիշ կերպ ապրել չէր լինում»։

Առողջական խնդիրները, սակայն,  39-ամյա կնոջն անմիջապես հղիանալ թույլ չտվեցին։ Դիմեցին  «Աստղիկ» ԲԿ։ Այստեղ էլ  իմացան, որ 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերի համար հատուկ ծրագիր  է գործում։ Նախարարությունը նրանց  ընդգրկել  է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրում։

«Մի տարվա բուժումներն ապարդյուն էին։ Որոշեցի դիմել էկո տարբերակով երեխա ունենալ։ քանի որ տարիներն անցնում են, իսկ մենք մեծանում ենք, հետո կարող են ավելի խնդիրներ առաջանալ։ Դիմեցի «Աստղիկ» ու հիմա արդյունքն արդեն կա»։

Սեպտեմբերից բազմաթիվ հետազոտություններ են անցել, անալիզներ հանձնել ու նույնիսկ վիրահատական միջամտության ենթարկվել՝ պատմում է Վարդուհին։

«Սեպտեմբերից դիմել եմ։  Առաջին էկոն չստացվեց։ Երկրորդը ստացվեց։ Ամբողջ հետազոտությունները, անալիզներն ու վիրահատական միջամտություններն անվճար են եղել։ Մենք որևէ գումար չենք վճարել»։

2019 թվականից ԱՆ կողմից իրականացվող «Անպտղության հաղթահարման» ծրագրի արդյունքները  տարեցտարի բարելավվում են՝ ասել է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։ Ավելանում է ծրագրի ֆինանսավորումը, արդյունքում՝ բուժհաստատություններն ավելի շատ շահառուների են  սպասարկում։ Գործընթացը շարունակվում է՝ ասում է ԱՆ ներկայացուցիչը։

«Դինամիկան արդեն իսկ դրական է, որովհետև  եթե միայն նախորդ տարվա ընթացքում սպասարկվել են 917 շահառու, ապա այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում թիվն արդեն 577 է։ Գնալով շատանում են շահառուները և բնականաբար բարելավվում են նաև արդյունքները»։

Ծրագրի մեկնարկից ի վեր ծնվել է 170 երեխա։  2022-ի առաջին կիսամյակում ծնվել է 44 երեխա, արձանագրվել է 104 նոր հղիություն։

Ծրագրում այս տարի  փոփոխություններ են կատարվել։ Մեծացել է շահառուների ցանկը։ Ծրագրից կարող են օգտվել նաև դատական կարգով անհետ կորած ճանաչվածների և  44-օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները։

Ծրագիրը նախատեսում է զույգերի անպտղության ախտորոշում, որի մեջ կարող են ներառվել նաև վիրահատական միջամտություններ, արտամարմնային բեղմնավորում և  ներպատվաստում արգանդի խոռոչում։  Ծրագրով նախատեսված է արտամարմնային բեղմնավորման երկու փորձ, որից առաջինի ծախսերն  ամբողջությամբ հոգում է պետությունը, երկրորդի միայն 50 տոկոսն է կատարվում պետպատվերով։ Սակայն 44-օրյա պատերազմում զավակ կորցրած մայրերի համար, ըստ Նունե Փաշայանի, շատ հաճախ լինում են բացառություններ։

«Երկրորդ փորձի ամբողջ 100 տոկոսը հոգում է պետությունը»։

Անպտղության ցուցանիշերը մտահոգում են ոլորտի մասնագետներին։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում այդ թիվը 16.8 տոկոս է։ Առաջնային անպտղությունը 1.7 տոկոս է, որտեղ տղամարդիկ 2.2 տոկոս են կազմում, իսկ կանայք՝ 1.3՝ «Ռադիոլուրին» ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը։ Պատճառները տարբեր են՝ սեռավարակներից մինչև հղիության արհեստական ընդհատումներ։

«Երբ մենք ուսումնասիրում էինք, թե որոնք են կանանց շրջանում երկրորդային անպտղության պատճառները, 35 տոկոսն ասում են, որ ունեցել են կեսարյան հատումներ։ Բավականին մեծ թվով կանայք նշել են, որ ունեցել են սեռավարակներ ու բորբոքային հիվանդություններ։  26 տոկոսն ասում էր, որ ունեցել է արհեստական ընդհատումներ, և նրանց 54 տոկոսն ուզել է հղիանալ, սակայն 44 տոկոսի մոտ է ստացվել»։

Մտահոգիչ են նաև պտղաբերության ցուցանիշերը։ Դրանք ևս 90-ականների համեմատ նվազել է։  Եթե 90-ականներին ցուցանիշը եղել է 2.6, ապա վերջին տարիների տվյալներով՝ 1.65 է։ Այս թիվը, առողջապահության նախարարության  պաշտոնյայի խոսքով, պարզ վերարտադրողականություն չի ապահովում։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ։

Back to top button