լրացված ժամը 18.11- ին
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետեր, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ՌԴ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու բազմաթիվ գործարարների (շուրջ հինգ հարյուր) մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:
Մինչ այդ՝ երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը:
Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:
ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին: