
Կապան-Տաթև-Աղվանի ճանապարհի վերանորոգման աշխատանքներին պետք է տեմպ հաղորդել՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Կարծում եմ, որ աշխատանքներին իսկապես պետք է տեմպ հաղորդել, որպեսզի կարողանանք քաղաքացիների համար ապահովել անցանելի ճանապարհ»,– ասել է Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ բարդ է պատասխանել հարցին, թե երբ կավարտվեն աշխատանքները, քանի որ տարբեր հատվածներում աշխատանքը տարբեր տեմպերով է ընթանում։ «Տաթև–Լծեն հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել, Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում հողային աշխատանքները շուտով կավարտվեն։ Ըստ էության՝ տարեվերջին արդեն նոր ճանապարհը պատրաստ կլինի։
Ինչու՞ է կառուցվում Խոտանանը շրջանցող ճանապարհը
Սյունիքի մարզպետի խոսքով՝ սա այլընտրանքային ճանապարհ է։ Կառուցվում է, քանի որ Տանձավեր Վերին Խոտանան հատվածում կտրուկ շրջադարձերը շատ են, անկյունային հատվածները ստանդարտներին չեն համապատասխանում։ Ուստի, որոշում է կայացվել Վերին Խոտանան հատվածը շրջանցող ճանապարհ կառուցել։

Ըստ էության՝ նույն ճանապարհն է, ուղղակի գյուղն են շրջանցում՝ բացատրում է Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա դիտարկմամբ՝ նոր ճանապարհը բազմաթիվ խնդիրներ է լուծում, հարմար է մեծ բեռնատարների համար։ Երկու ճանապարհ ենք ունենում, որևէ մեկը չի պատրաստվում ճանապարհ քանդել՝ ասում է մարզպետը։
Մարզպետն ասում է, որ բավարար աշխատուժ կա։ Պարզաբանում է՝ լայնածավալ շինարարական աշխատանքների հիմքում ոչ թե նախագծեր են, այլ արդեն շահած մրցույթներ։ Հողային աշխատանքների մեծ մասը նույնպես կատարված է՝ վստահեցնում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։




