ԿարևորՀասարակություն

Իրական պատմություններ 44 –օրյա պատերազմից՝ «Հայրեններ» գրքում

«Hakobyan art gallery» պատկերասրահում տեղի է ունեցել «Հայրեններ» գրքի շնորհանդեսը, որը գրվել է  44-օրյա պատերազմում վիրավորված  ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմությունների հիման վրա։ Գրքի հերոսների հետ հեղինակը ծանոթացել է ռազմական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում։ 

Եթե տղաների շապիկներին գրված է «Հայրեններ», ապա նրանք համանուն գրքի հերոսներն են։ Մամիկոն Խուրշուդյանի գրքում 44-օրյա պատերազմում վիրավորված 20 հայորդիների պատմություններն են։ Նրանք հրաշքով են փրկվել, բայց  այդ մասին սովորականի նման են պատմում։


Կամո Գևորգյանը ծառայում էր Խոջալում, ոտքից վիրավորվեց  Ջրականում։ Պատերազմում անցկացրած օրերի, վիրավորվելու մասին այսօր  հանգիստ է խոսում, առանց էմոցիաների։ Ասում է՝ դեռ կիսատ  գործեր ունի։ Հետ չի պահում անգամ այն, որ դեռ հենակներով է  շարժվում։

«Նպատակներ շատ ունեմ, բայց մեր հողերը պետք է հետ բերենք։ Պատերազմից հետո կյանքն ավելի ես գնահատում»,–ասում է Կամոն։

«Լավ նկարած մարտաֆիլմ էր»․44 –օրյա պատերազմում վիրավորում ստացած  Արամ Արզումանյանն է։ Կռվել է Ջրականում։ Այսօր ժպտալով է ասում՝ գիտե՞ք, ես հրաշքով եմ փրկվել ու հիմա ամեն մի վայրկյանը սկսել եմ գնահատել։

«Երբեք նման միտք չի այցելել ինձ ,որ կարող եմ վիրավորվել, կամ որ մենք չենք հաղթելու»։ 

Գրքի հեղինակ  Մամիկոն Խուրշուդյան Մուրացանի հոսպիտալում  է ծանոթացել100–ից ավելի երիտասարդների հետ, գրքում ընդգրկել է նրանցից  20–ի պատմությունները։

Դրանք  պատմություններ են մեր տղաների պայքարի, ուժի, հավատի, չհանձնվելու, կյանքին առավել ամուր թելերով կառչելու և վերածնվելու մասին։ 

«20-ն առանձնանում են իրենց յուրահատուկ պատմություններով, դրանց մեջ կան հատվածներ, որտեղ նշվում է, թե Ադրբեջանն ինչպիսի զինատեսակներ է կիրառվել, և դրա  ականատեսը հենց այս տղաներն են եղել։ Տղաներից մեկը վիրավորվել է կասետային ռումբից: Մյուսը խուսափել է վիրավորումից այն ժամանակ, երբ մեր հետախուզությունը հայտնել է, որ տարածքում պետք է կիրառեն  ֆոսֆորային զենք: Երրորդը վիրավորվել է թրթուրային փամփուշտից։ Փամփուշտը մտել է ձեռքի մեջ, բարձրացել մինչեւ կոկորդը եւ կոկորդի մյուս կողմից դուրս է եկել: Այդ հերոս հայորդին՝ Նորայրը, կոկորդը բացված վիճակում 4 կմ քայլել է, որ հասնի Հադրութի մատույցներում գտնվող մեր զինված ուժերին»,–ասում է Մամիկոնը։

Այս տղաներին  ոտքի է հանել ՊՆ  Մուրացանի հոսպիտալի վնասվածքաբանության և օրթոպեդիայի  բաժանմունքի պետ, դոկտոր Լևոն Ժամագործյանը, որն ինքը 4 պատերազմ է տեսել։

Բժիշկների  գործը  համեմատում է  ժամացույցի աշխատանքի հետ․ եթե  մի մասնիկը թերացավ, ժամացույցը  կանգ կառնի։

«Դժվար է, երբ տեսնում ես 18-19 տարեկան երեխան անդամահատված ու չգիտես ինչ մոտեցում ցույց տաս՝ կատակ անե՞ս, շեղե՞ս։ Բայց տղաներն ինձ արդեն լավ գիտեն․ասում էի՝ բուժման 50 տոկոսն է մերը, մյուս մասը ձեր ժպիտ է»։

Ժամագործյանն ասում է, որ վիրավոր տղաների մեծ մասը ուզում էր  րոպե առաջ դուրս գրվել ու կրկին մարտի դաշտ գնալ։

«Շատ տղաների ենք մենք վերականգնել, որոնք  կրկին հետ են գնացել։ Տղաներ կային, որ ասում էին՝  արագացրե՛ք, մի բան արեք, գնանք, մեր ընկերներն այնտեղ են։ Եթե ես բուժում եմ, ու նա ոտքի է կանգնում, հաշվել եմ առնվազն հինգ տարի ավելի կապրեմ»։

«Հայրենները»  երախտագիտության տուրք է մեր բոլոր հերոսներին․ գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է տղաների ամառային հանգիստը կազմակերպելուն։

Կարդացեք նաև

Back to top button