Ընդդիմությունը հանրահավաք և երթ է անցկացրել
Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք է անցկացրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Հանրահավաքը սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ այսօր դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի։
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեակատարողական հիմնարկում որևէ վատ վերաբերմունք չեն տեսել, «եղել են մանր խնդիրներ, որոնք արագ լուծվել են»։
«Շատերն են խոսում այն մասին, որ նա առողջական խնդիր ուներ։ Այո, այդպես էր։ Բայց Արմեն Գրիգորյանը ուներ նաև բարձր արժանապատվություն։ Երբ մենք խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ լսեք, ո՞վ է ձեզանից բժիշկը։ Նա բժշկական կրթություն ուներ։
Ասում էր՝ ես իմ բուժմամբ զբաղվում եմ։ Մեզ թույլ չտվեց այդպես էլ մինչև օրս դատարանի կամ որևէ այլ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին, ասում էր՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն առողջական խնդիրներ է առաջ բերում, որպեսզի պատասխան չտա, ես իմ ցանկացած խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ։
Մինչև վերջ պատվով տարավ այդ խաչը»,- ասաց Մելիքյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր իրենք նախատեսել էին հանրահավաքի ժամանակ ներկայացնել իրենց օրակարգը և առաջիկա անելիքները, բայց Արմեն Գրիգորյանի մահը փոխեց ելույթների բովանդաությունը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին Սաղաթելյանը համոզմունք հայտնեց, որ կարգավորման գործընթացը չի ընթանում առանց նախապայմանների։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմն ունի հստակ պահանջներ»,- ասաց Սաղաթելյանը։ Դրանք, ըստ նրա, ենթադրում են Արցախյան ճակատում զիջումներ, Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչում և հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից։
Նրա խոսքով` եթե լիներ միայն հարաբերությունների կարգավորման հարց, դա հնարավոր կլիներ անել միայն մեկ հանդիպման ընթացքում։
Հանրահավաքի մասնակիցներն այնուհետև երթով քայլել են մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ ամփոփել են հանրահավաքը։