ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի մի շարք փոփոխություններ, որոնցից չորսին ակտիվ սատարում էին հայկական կազմակերպությունները: Այս փոփոխություններով ԱՄՆ կոնգրեսականները.
- պահանջում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն,
- կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին,
- հորդորում են զեկույց ներկայացնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության՝ խաղաղության վրա ազդեցության մասին,
- սահմանափակում են ամերիկյան F-16 կործանիչների և դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:
Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն
Կոնգրոսի հայկական հանձնախխմբի համանախագահ Ջեքի Սփիրի կողմից ներկայացված օրինագծով պաշտպանության նախարարին հանձնարարում է պետքարտուղարի հետ համաձայնեցնելով՝ ներկայացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել են շուրջ 15 կոնգրեսականներ:
Հայ ռազմագերիների վերադարձ
Կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Այս օրինագծին որպես համահեղինակ միացել է ավելի քան 25 կոնգրեսական:
ԱՄՆ ռազմական օգնություն՝ Ադրբեջանին
Օրենսդրական փոփոխությունը ներկայացրել են կոնգրեսականներ Թոնի Քարդենասը և Բրեդ Շերմանը: Օրինագիծը պահանջում է Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պատրաստել զեկույց, որը մանրամասն կներկայացնի ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործել է Արցախի դեմ պատերազմի ընթացքում: Պահանջվում է անդրադառնալ նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների օգտագործմանը, 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրմանը: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ:
Ոչ մի կործանիչ Թուրքիային
Ներկայացուցիչների պալատը 244 կողմ և 179 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, կոնգրեսականեր Քրիս Պապասի և Գաս Բիլիրակիսի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով սահմանափակվում է ամերիկյան F-16 կործանիչների կամ արդիականացման սարքավորումների վաճառքը կամ փոխանցումը Թուրքիային՝ հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«Ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքը Թուրքիային չի ստիպի Էրդողանին հանկարծակի վերածվել լավ դաշնակցի։ Ավելի հավանական է, որ այդ զենքերը կհանգեցնեն հետագա մահվան և ավերածությունների տարածաշրջանում», — օրնագծի քննարկման ժամանակ ասել է Ֆրենկ Փալոնի:
«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները թույլ է տվել Էրդողանին թելադրել իր պայմանները և թաքնվել իր՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի հետևում», — ասել է Փալոնը՝ հավելելով, որ այս փոփոխությունը կօգնի նրա « վտանգավոր ավտորիտար ձեռքց» խլել լծակները:
Կոնգրեսի Թուրքիայի հանձնախմբի նախկին համանախագահ Փիթ Սեշնսի՝ Էրդողանին «վստահելի դաշնակից» լինելու մասին փաստարկները տապալվել են:
Ամեն տարի ընդունվող Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին: